Ո՞ր վիտամինը կարող է կանխել շաքարախտի հիմնական վտանգը
Շաքարախտով հիվանդներին հատկապես կարեւոր է իմանալ, որ իրենց սննդակարգում վիտամին D-ի բավարար քանակին հետեւելու ծանրակշիռ պատճառ ունեն:
Հետազոտության մեջ, որի արդյունքները հրապարակվել են Research Square ամսագրում, գիտնականները հետազոտել են Պեկինի Հատուկ բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգիական բաժանմունքի 339 պացիենտի: 60-90 տարեկան բոլոր պացիենտներն ունեցել են 2-րդ տիպի շաքարախտ, իսկ նրանցից 204-ը՝ ոտնաթաթի դիաբետիկ խոց:
Ուսումնասիրելով առկա տվյալները՝ գիտնականները պարզել են, որ բոլոր պացիենտների 80,5 տոկոսի օրգանիզմում վիտամին D-ի մակարդակը ցածր է եղել: Բացի այդ, ոտնաթաթի դիաբետիկ խոցով պացիենտների 85 տոկոսի մոտ եղել է վիտամին D-ի պակաս, եւս 13 տոկոսի մոտ վիտամին D-ի մակարդակը ոչ բավարար է եղել: Ոտնաթաթի խոց ունեցող մարդկանց միայն 2 տոկոսի օրգանիզմում է բավարար քանակությամբ վիտամին D եղել:
«Այս արդյունքներն ինձ չեն զարմացնում, քանի որ վիտամին D-ն առանցքային դեր է խաղում բորբոքումը նվազեցնելու եւ իմունային առողջությունը պահպանելու գործում»,- Eat This, Not That-ին ասել է սննդաբան Ջոննա Բուրդեոսը։
Բուրդեոսը բացատրել է, որ «ինչպես ցանկացած վերքի դեպքում, վարակի հավանականություն կա»։ Միեւնույն ժամանակ, վիտամին D-ի պակաս ունեցող անձը կարող է չունենալ իմունային ուժ, որն անհրաժեշտ է վարակից հուսալիորեն պաշտպանվելու համար, ինչը կարող է հանգեցնել ոտնաթաթի դիաբետիկ խոցի վիճակի վատթարացման, երբ այն բորբոքման վաղ փուլից անցնում է մինչեւ հյուսվածքների մահ կամ գանգրենա։
Այդ իսկ պատճառով սննդաբանը խորհուրդ է տալիս շաքարախտով հիվանդներին, հատկապես տարեցներին, այդ վիտամինի անբավարարության թեստ հանձնել եւ բժշկի հետ խորհրդակցել վիտամին D-ի հավելումներ ընդունելու նպատակահարմարությունը: