Ճապոնիայի նախարարների կաբինետի պաշտպանության վարկանիշը նվազել է մինչև 56,9 տոկոս
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի նախարարների կաբինետի գործունեությանը հավանություն տալու վարկանիշը մեկ ամսում նվազել է 4,6 տոկոսային կետով եւ կազմել 56,9 տոկոս: Այդ մասին են վկայում Kyodo գործակալության անցկացրած հարցման՝ հունիսի 13-ին հրապարակված տվյալները։
Այդ տվյալների համաձայն՝ կառավարության գործունեությանը հավանություն չտալու վարկանիշը մեկ ամսում աճել է 5,1 տոկոսային կետով՝ մինչեւ 26,9 տոկոսի նշագիծ: Ճապոնիայի գլխավոր լրատվական գործակալության հարցման տվյալներով՝ հարցման մասնակիցների 64,1 տոկոսը բացասաբար է գնահատում կառավարության՝ գների աճի դեմ պայքարին նպատակաուղղված գործողությունները, այդ ուղղությամբ նախարարների կաբինետի քաղաքականությունը դրական է գնահատում հարցվածների սոսկ 28,1 տոկոսը: Միեւնույն ժամանակ հարցման մասնակիցների 77,3 տոկոսը խոստովանել է, որ գների աճը հարվածել է իրենց առօրյա կյանքին, 22,6 տոկոսը կարծիք է հայտնել, որ գների աճը ոչ մի կերպ չի ազդել իրենց կենցաղի վրա:
Kyodo-ի հեռախոսային համազգային հարցումը կատարվել է հունիսի 11 – 13-ը: Հարցման մասնակիցների թվի մասին տեղեկատվություն այս պահին չեն հայտնում: Ճապնիայի ընկերությունները համավարակի, ինչպես նաեւ Ուկրաինայի շուրջ իրադրության եւ ՌԴ-ի դեմ զանազան պատժամիջոցների սահմանման պատճառով այժմ հանդիպում են մի շարք բարդությունների, որոնք վերաբերում են հումքի, էներգապաշարների եւ այլ ապրանքների գների բարձրացման: Բացի դրանից, որոշ ֆիրմաներ ստպված էին որոնել իրենց կողմից գնվող արտադրանքի անալոգներ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների սահմանումից եւ մատակարարումների լոգիստական շղթաների խախտումից հետո: Գնային քաղաքականության անկայունության եւս մեկ գործոն է ճապոնական իենի արժեզրկումը, ինչը հանգեցնում է ներմուծման ծախսերի բարձրացման եւ որպես հետեւանք՝ արտադրական գործընթացի մեծ ծախսերի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: