Դեմ չենք Փաշինյանի հետ համագործակցությանը՝ իշխանություն դառնալու համար. Մանե Թանդիլյան

Հայաստանի ապագա իշխանությունը պետք է արժանի լինի Արցախ ունենալու պատվին, այդ ապագա իշխանությունը մենք ենք, իսկ իշխանությունը ձևավորելու է միայն ու միայն ժողովուրդը, հետևաբար, եթե ժողովուրդը տեսնի արտահերթ ընտրությունների կարիք, ապա «Ապրելու երկիր» կուսակցությունը դրանց կմասնակցի։

168 TV «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով ներքաղաքական զարգացումների ու դրանց հանգուցալուծման տարբերակների մասին, նման տեսակետ հայտնեց «Ապրելու երկիր» կուսակցության ղեկավար Մանե Թանդիլյանը։

Հարցին՝ եթե իրենք ապագա իշխանությունն են՝ այդ դեպքում՝ արդյո՞ք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, կամ ի՞նչ են անում, որ մոտեցնեն Փաշինյանի հեռացումը, Մանե Թանդիլյանը պատասխանեց.

«Որ պահանջում են, տալի՞ս է, կամ որ տալիս է, հետո չի վերընտրվո՞ւմ. իսկ երաշխիքներ ունե՞ք, որ Նիկոլ Փաշինյանը ևս հինգ տարով չի ընտրվելու։ Հիմա նրա հրաժարականի պահանջի դեպքում չեմ բացառում, որ նա նորից կվերընտրվի, ուստի, քանի դեռ չի ստեղծվել այնպիսի ուժ, որին ժողովուրդը ձայն կտա, Փաշինյանի հրաժարականը բերելու է վերընտրության»,- ասաց Մանե Թանդիլյանը՝ չբացառելով, որ եթե քաղաքական ներկա զարգացումները հանգեցնեն արտահերթ ընտրությունների, ապա իրենց կուսակցությունն անպայման կմասնակցի դրանց։

Ճշտող հարցին՝ եթե ընտրությունները լինեն 2021 թվականի սցենարով՝ այն է՝ ընտրություններ՝ Նիկոլ Փաշինյանի կազմակերպմամբ, այդ դեպքում ևս իրենց կուսակցությունը դրանց կմասնակցի՞, Մանե Թանդիլյանը հստակեցրեց.

«Այո՛, մասնակցելու է։ Իհարկե, ինչպես միշտ, իշխանությունն օգտագործում է ադմինիստրատիվ ռեսուրս, և մենք դա հիմա տեսնում ենք՝ մասնակցելով տարբեր համայնքներում տեղական ինքնակառավարման ընտրություններին, սակայն մասնակցելու ենք, որովհետև այլ ելք չկա»,- ասաց Մանե Թանդիլյանը։

«Ապրելու երկիր» կուսակցության ղեկավարից հետաքրքրվեցինք նաև՝ հնարավո՞ր է ինչ-որ փուլում իրենց կուսակցությունը գնա Փաշինյանի ու նրա թիմի հետ համագործակցության՝ ինչպես մինչև ընտրությունները, այնպես էլ դրանից հետո՝ կոալիցիաների կամ նման այլ ձևաչափով։

Ի պատասխասն հարցին՝ Թանդիլյանը շեշտեց.

«Դեմ չենք, իշխանության գալու նպատակով մեզ կարող են ընտրել բոլոր ուժերը: Մենք դեմ չենք։ Միայն մեր ուժը կարող է բերել միասնություն ու միասնականություն և օգտագործել բոլորի ներուժը, ուստի մեզ ընտրելու պարագայում բաց ենք համագործակցության համար»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս