
Հայաստանն ու Իրանը քննարկում են համատեղ հետազոտական կենտրոնների ստեղծմանը վերաբերող հարցեր

ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանը հանդիպել է ԻԻՀ գիտության, հետազոտության և տեխնոլոգիաների նախարարի միջազգային հարցերով տեղակալ, Միջազգային գիտական համագործակցության կենտրոնի ղեկավար դոկտոր Վահիդ Հադադի Ասլի հետ: Իրանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ուսանողների և տեխնոլոգիաների փոխանակմանը, ինչպես նաև գիտատեխնոլոգիական պարկերի միջև համագործակցությանն առնչվող հարցեր։
Կողմերն անդրադարձ են կատարել Իրանի Գիտության նախարարության պատվիրակության Երևան գործողմանը, ինչպես նաև քննարկվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում տեղեկատվության փոխանակմանը և համատեղ հետազոտական կենտրոնների ստեղծմանը վերաբերող հարցեր:
Հանդիպման ընթացքում Իրանում Հայաստանի դեսպանը հայտնել է իրանական կողմի առաջարկած ժամկետում, իր երկրի գիտության նախարարի Թեհրան այցելելու պատրաստակամության մասին:
Հայաստանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ Հադդադի Ասլն պատրաստակամությունն է հայտնել բարեկամ, հատկապես հարևան երկրների հետ գիտական ու տեխնոլոգիական ոլորտում համագործակցությունն ընդլայնելու և երկուստեք հարաբերությունների մակարդակը բարձրացնելու համար: