ՀՀ նախագահն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Արտեմ Փաթափությանն այցելեցին «Սինոփսիս Արմենիա»
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ու բժշկագիտության ոլորտի Նոբելյան մրցանակի դափնեկիր Արտեմ Փաթափությանը հունիսի 13-ին այցելեցին «Սինոփսիս Արմենիա»: Նրանք շրջեցին ընկերությունում, ծանոթացան գործունեությանը, առաջիկա ծրագրերին, ապա մասնակցեցին ՏՏ ոլորտի, գիտության արդի մարտահրավերներին վերաբերող քննարկմանն ու պատասխանեցին ներկաների հարցերին:
Վահագն Խաչատուրյանն ասաց, որ մեր պետությունը, կերտելու, զարգացնելու բանալին մեր ձեռքում է: «Մենք գնում ենք դեպի գիտություն, դեպի բարձր տեխնոլոգիաներ: Այլ ընտրություն չունենք»,-ասաց նախագահը:
Նա նշեց, որ Սփյուռքը ևս պետք է մասնակից լինի մեր կյանքի փոփոխությանը, քանի որ այն միայն օգնության օղակ կամ հնարավորություն չէ:
«Կարծում եմ լավագույն օրինակն է, թե ինչպես կարելի է գիտությամբ հայտնի դառնալ աշխարհում: Մենք ռեսուրսներ չունենք, բայց մենք կարող ենք մեր գիտելիքով աշխարհին ներկայանալի դառնալ և «Սինոփսիս»-ը դրա վառ օրինակներից մեկն է»,-ասաց նա:
Նոբելյան մրցանակի դափնեկիր, մոլեկուլային կենսաբան, նյարդաբան Արտեմ Փաթափությանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և նշեց, որ իրեն զգում է ինչպես տանը:
«Մի օր ես սիրահարվեցի գիտությանը և կարող եմ ասել, որ եթե դու ինչ-որ բան ես անում, պետք է սիրես այն: Ես կարծում եմ, որ շատ լավ է, երբ զբաղվում ես նրանով, ինչը քեզ դուր է գալիս, և դա հենց հաջողության գրավականն է»,-ասաց նա:
«Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ տնօրեն Հովիկ Մուսայելյանը կարևոր համարեց, որ այն մարդիկ, ովքեր համաշխարհային ճանաչում են ունենում, չմոռանան նշել իրենց արմատների մասին, որ իրենք հայ են, մեծացել են հայկական ընտանիքում: «Առաջին անգամ հայ գիտնականն արժանանում է Նոբելյան մրցանակի, և ես չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ այս հաջողությունը մեր ազգային նվաճումներից մեկն է»,-ասաց նա: