
Մակրոնի կուսակցությունը 25,60 տոկոս ձայնով հաղթել է խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ղեկավարությամբ «Միասին» կուսակցությունը խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում հավաքել է ընտրողների ձայների 25,60 տոկոսը՝ 0,09 տոկոսով առաջ անցնելով «Նոր ժողովրդական բնապահպանական եւ սոցիալական միություն» միավորումից, որը գլխավորում է ձախ առաջնորդ Ժան Լյուկ Մելանշոնը։
Ինչպես հաղորդել է BFM TV-ն, ընտրողների քվեաթերթիկների 100 տոկոսի մշակման արդյունքում երրորդ տեղը 18,67 տոկոս ձայնով զբաղեցրել է Մարին լե Պենի «Ազգային միավորումը»: Երկրորդ փուլ են դուրս եկել «Միասինը», «Նոր ժողովրդական բնապահպանական եւ սոցիալական միությունը» եւ «Ազգային միավորումը»: Մյուս կուսակցությունները երկրորդ փուլ չեն անցնի, քանի որ չեն հավաքել անհրաժեշտ ձայների առնվազն 12,5 տոկոսը: Հեռուստաալիքի տվյալներով՝ ընտրողների ավելի քան կեսը (52,48 տոկոս) անտեսել է ընտրությունները. մասնակցությունը կազմել է 47,52 տոկոս:
Մարին լե Պենի «Ազգային միավորումը» հավաքում է ձայների 19,1 տոկոսը: Դիտորդները նշում են, որ ընտրությունների ֆրանսիական համակարգի առանձնահատկությունների հաշվին խորհրդարանում ուժերի տեղաբաշխումը երկրորդ փուլի արդյունքներով կարող է զգալիորեն փոխվել: Այդ առանձնահատկությունն է նշում նաեւ BFM TV-ն. հեռուստաալիքի կանխատեսմամբ, Մակրոնի կոալիցիան կկարողանա մեկ շաբաթ անց, երկրորդ փուլի արդյունքներով, խորհրդարանում ստանալ 270-ից մինչեւ 310 տեղ, Մելանշոնի միավորումը՝ 170-ից մինչեւ 220, լե Պենի կուսակցությունը՝ 15-ից մինչեւ 30 տեղ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: