Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Վլադիմիր Պուտինին և Միխայիլ Միշուստինին
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ:
Ուղերձում մասնավորապես ասվում է․
«Այս օրը խորհրդանշում է Ռուսաստանի քաղաքական, սոցիալ-տնտեսական և հասարակական կյանքի որոշիչ վերափոխումները, ընդգծում է ազգային միասնության անձեռնմխելիությունը և բարձր պատասխանատվությունը հայրենի երկրի հանդեպ։ Վերջին 3 տասնամյակում հայ-ռուսական հարաբերությունները, որոնք հենված են մեր երկրների ժողովուրդների դարավոր բարեկամության և եղբայրության ամուր հիմքի վրա, հարստացել են որակապես նոր բովանդակությամբ»,– դիմելով Պուտինին` նշել է Փաշինյանը։
Նա ընդգծել է, որ ակտիվ քաղաքական երկխոսությունը, տարածաշրջանային և միջազգային օրակարգի առանցքային հարցերի շուրջ կառուցողական փոխգործակցությունը, տնտեսական, ռազմական, մշակութային-հումանիտար և այլ ոլորտներում հաջող գործընկերությունը լիովին համապատասխանում են Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների զարգացման շահերին։
Միխայիլ Միշուստինին ուղղված ուղերձում էլ Փաշինյանն ասել է` ազգային միասնություն ու պատասխանատվություն առ հայրենի երկիր խորհրդանշող այս տոնը կապված է խորքային վերափոխումների հետ, որոնք ապահովեցին ժամանակակից աշխարհում Ռուսաստանի տեղի ու դերի կայուն զարգացումն ու ամրապնդումը։
«Մեր երկրների ժողովուրդների դարավոր բարեկամության, եղբայրության և փոխադարձ աջակցության խորը արմատներն ապահովում են հայ-ռուսական դաշինքի հուսալի զարգացումը բոլոր ոլորտներում։ Վստահ եմ, որ մեր պետությունների միջև բազմակողմ փոխգործակցության զարգացման ուղղությամբ համատեղ ջանքերը և նախագծերի իրականացումը ծառայում են մեր երկրների շահերին, տարածաշրջանում կայունության և անվտանգության մակարդակի բարձրացմանը»,– նշել է Փաշինյանը։
Փաշինյանը ՌԴ նախագահին ու վարչապետին մաղթել է քաջառողջություն, բարօրություն և հաջողություններ, իսկ Ռուսաստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում։