«Այս էժանագին բեմադրություններն ավելի ցածրակարգ են, քան նախկին քաղաքապետ Հայկո կոչվածի գռեհկաբանությունները». Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԷԺԱՆԱԳԻՆ ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Այսօր վարչապետ կոչեցյալը ուղևորվեց Արարատի մարզ։ Ուղևորվեց, հանպատրաստից, առանց զրահապատ մեքենայի, առանց ուղեկցող ավտոշարասյան, առանց թիկնապահների, առանց դիպուկահարների։ Գյուղերում ժողովուրդը գրկաբաց ընդունեց նրան, նրա հետ լուսանկարվեցին, երեխաները ուրախ-զվարթ փարվում էին նրա ոտքերին, աշխատավոր գյուղացիները երջանիկ ժպիտներով հերթ էին կանգնած փրկիչի ձեռքը սեղմելու համար։
Եվ ոչ մի բողոք, ոչ մի բերման ենթարկված, մի խոսքով իսկական ժողովրդավարություն։
Իրականում, էժանագին բեմադրություն։
Սուտն ու կեղծիքը վարչապետ կոչեցյալի տարերքն է։ Ժամանակին լինելով սկանդալային լրագրող, այդ երևույթը ստերով և կեղծիքներով վարկաբեկում էր մարդկանց։ Հետագայում արդեն, որպես քաղաքական գործիչ, նա իրեն ճղում էր, նույնպես տարածելով ստեր և բանսարկություններ։ 2018թ․ նա արդեն գերազանցեց իր անցյալը, ձեռք բարձրացնելով ամեն սրբության վրա։
Նա , առանց խղճի խայթ զգալու, օգտագործեց հերոս Աբաջյանի կեղծ պապիկին, կեղծ Աշոտի կեղծ տատիկին։ Հետագայում մեր համազգային սգի օրը՝ ապրիլի 24-ին, նա չխորշեց և օգտագործեց հերթական կեղծ պապիկին, ապա բազմաթիվ տատիկ-պապիկներ, խեղճուկրակ կանանց։ Նույն էժանագին բեմադրության ականատեսը եղանք այսօր։ Եվ կա՞ն արդյոք մարդիկ, որոնք կարծում են, որ այդ «գյուղացիները» իսկապես ինքնաբուխ, առանց նյութական շահագրգռվածության, կամավոր եկել էին բռնապետիկին ողջունելու։
Էհ, Ավետիք Չալաբյան։ Այս էժանագին բեմադրություններն ավելի ցածրակարգ են, քան նախկին քաղաքապետ Հայկո կոչվածի գռեհկաբանությունները»: