
Վրաստանում մտադիր են խստացնել ավտոմեքենաների տեխզննման հսկողությունը

Վրաստանի խորհրդարանի շրջակա միջավայրի եւ բնական պաշարների հարցերի կոմիտեն քննարկել է ավտոմեքենաների տեխզննման հսկողության միջոցները խստացնելու հարցը։ Վրաստանում տեխզննումը պարտադիր է բոլոր ավտոմեքենաների համար:
Դրա բացակայության համար սահմանվում է 50 լարի տուգանք: Վարչական խախտումների օրենսգրքում մտցված ուղղումների համաձայն, եթե ավտոմեքենայի տուգանված սեփականատերն իր ավտոմեքենան 30 օրվա ընթացքում չուղարկի տեխզննման, ապա նա կտուգանվի 150 լարիով, իսկ եթե դա կրկնակի տեղի ունենա՝ 300 լարիով: Իրավական անձի դեպքում տեխզննման կրկնակի եւ հետագա բացակայության տուգանքները համապատասխանաբար կկազմեն 300 եւ 500 լարի: Բացի այդ, խորհրդարանի կոմիտեն նշել է արտանետումների հսկողության բարելավման անհրաժեշտությունը:
«Մենք աշխատում ենք տեխզննման թերությունների հայտնաբերման ու դրանց կարգավորման ուղղությամբ, ինչպես նաեւ տեսանելի արտանետումների խնդրի վրա: Այդ երկու հարցերը դիտարկվում են առանձին: Կառավարությունն արդեն ակտիվորեն սկսել է նախապատրաստական աշխատանքները, որպեսզի որոշի՝ ով եւ երբ կսկսի գազերի արտանետումների հսկողությունը»,-հայտարարել է կոմիտեի ղեկավար Մայա Բիտաձեն: Նրա խոսքով՝ Վարչական խախտումների օրենսգրքում մտցված ուղղումները վերջնական լրամշակումից հետո գրանցվելու են բյուրոյում եւ պատգամավորներին կներկայացվեն քննարկման համար, հաղորդել է Sputnik-ը: