Դեղձուտում ուսուցիչներին վերևից հրահանգ էր իջեցվել՝ ներկա գտնվել Փաշինյանի հետ հանդիպմանը

Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան աշխատանքային այցով ուղևորվել էր Արարատի մարզ և  ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել՝ առաջին կանգառը Արարատի մարզի Դեղձուտ համայնքն է։ Գրառմանը կից Փաշինյանը նաև տեսանյութ էր հրապարակել՝ մի քանի տասնյակ քաղաքացիներ՝ տղամարդիկ, կանայք և երեխաներ, ողջունում են նրան և քաջալերող խոսքեր ասում․

«Դուխո՛վ-դուխո՛վ։ Մենք ձեր հետևից կայնած ենք, արխային։ Միշտ առա՛ջ…»։

168.am-ի Դեղձուտ համայնքի աղբյուրների փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանի՝ մարզային մյուս այցերի նման այս այցը ևս նախապես պլանավորված և բեմադրված է եղել․

«Դեռ 2 օր առաջ գիտեինք, որ Նիկոլը գալու է, ու որտեղ պետք է ժողովուրդը հավաքվի՝ դիմավորի նրան։ Փաշինյանի հետ հանդիպմանը Դեղձուտի բնակիչներից մոտ 10-15 մարդ է ներկա եղել, մնացածը կողքի գյուղերից են, չգիտեմ՝ ստիպված են եկել, թե համոզելով են բերել․․․»։

Մեր զրուցակիցը նաև ասաց, որ Փաշինյանի հետ հանդիպման «բեմադրության զոհ» է դարձել նաև դպրոցի ուսուցչական կազմը։ Նրանց ևս վերևից հրահանգ է իջեցվել ներկա գտնվել Փաշինյանի հետ հանդիպմանը։

«Դպրոցում դասերն ավարտվել են, ուսուցչական կոլեկտիվն այսօր պետք է քեֆի գնար, միջոցառումն էլ նախօրոք էին պլանավորել։ Ավտոբուսը պետք է շարժվեր գյուղի կենտրոնական հատվածից, որտեղ փողոցն ասֆալտած է։ Ուսուցիչներն ասֆալտը չէին թողնելու, գնային փոշիների մեջ մտնեին, որ իրենց ավտոբուսը կամ մեքենաները գնային այնտեղ դիմավորեին։ Ամբողջը պլանավորված էր, որ ուսուցիչները ներկա լինեին այդ հանդիպմանը։ Ես անգամ տեղեկություն ունեմ, որ Արարատի մարզի տարբեր ուժային համակարգերում աշխատող քաղաքացիներին առավոտ շատ շուտ զանգել, ստիպել են, ասել են՝ պարտադիր կգնա՛ք ու ձեր ներկայությունը կապահովե՛ք Փաշինյանի հետ հանդիպմանը։ Նրանք էլ քաղաքացիական հագուստով էին եկել, որ հանկարծ չբացահայտվեին, որ ուժային աշխատող են․․․»։

Հարցին՝ այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը Դեղձուտում աջակիցներ չունի՞, մեր զրուցակիցը պատասխանեց՝ աջակիցներ ունի, բայց նրանց թիվը շատ-շատ փոքր է։ Դեղձուտի բնակիչը նաև շեշտեց իշխանությունների հետ հանդիպումների կազմակերպման հարցում մեծ դեր ունի նախկին ՀՅԴ-ական, այնուհետև ՀՀԿ-ական, իսկ հիմա ակտիվ ՔՊ-ական դարձած համայնքապետը՝ Յուրիկ Մուրադյանը։

Նիկոլ Փաշինյանի այցին հրահանգավորված ներկա գտնվելու հանգամանքը ճշտելու  և լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով, 168.am-ը կապ հաստատեց նաև Դեղձուտի միջնակարգ դպրոցի ուսուցիչներից մեկի հետ, որի անունն իր իսկ խնդրանքով չենք նշում։ Ուսուցիչը հաստատեց մեր մյուս աղբյուրներից ստացած տեղեկությունը, որ իրենց նախապես ասվել է՝ ներկա գտնվել Փաշինյանի հետ հանդիպմանը։

«Ուսուցիչների մեծ մասը ներկա է գտնվել, դիմավորել է Նիկոլ Փաշինյանին, բայց պարտադրանք չի եղել․․․»։

Հիշեցնենք, որ Արարատի մարզի մի խումբ քաղաքացիների վրդովեցրել էր Նիկոլ Փաշինյանի՝ Արարատի մարզ ժամանում, նրանք բողոքի ակցիա էին իրականացրել։ Կարճ ժամանակ անց ոստիկանության կարմիրբերետավորները և քաղաքացիական հագուսոտվ մարդիկ նրանց նկատմամբ բռնի ուժ կիրառելով՝ բերման էին ենթարել Ոստիկանության Արտաշատի բաժին։

2021 թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ քարոզարշավի ժամանակ, 168-am-ը բազմաթիվ փաստեր էր արձանագրել, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավներին՝ դասերի հաշվին, մասնակցում էին դպրոցների ուսուցիչներն ու աշակերտները, պետական այլ ապարատների աշխատակիցներ։

Տեսանյութեր

Լրահոս