«Կապիտուլյանտը չպե՛տք ա գա». Փաշինյանի մուտքն Արարատի մարզ արգելող քաղաքացիներին բռնի ուժով բերման են ենթարկում

Մի խումբ քաղաքացիներ այսօր  առավոտյան հավաքվել էին Երևան-Արարատ մայրուղում, որպեսզի արգելեն Նիկոլ Փաշինյանի մուտքն իրենց մարզ։ Համացանցում տեսանյութ տարածվեց, թե ինչպես են ոստիկանության կարմիրբերետավորները բերման ենթարկում ակցիայի մասնակիցներին։

Ուշագրավ է, սակայն, որ բացի կարմիրբերետավորներից, քաղաքացիներին բիրտ ուժ կիրառելով՝ բերման է ենթարկում նաև քաղաքացիական հագուստով մի տղամարդ։

Այս  կապակցությամբ «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը իր տելեգրամ ալիքում գրել է.

«Այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ։ Նրա մուտքը փորձել են փակել քաղաքացիները՝ նշելով, որ նա իրավունք չունի համայնքներ գնալու։

Այդ քաղաքացիներից շատերին ոստիկանները բերման են ենթարկել։

Իշխանական քարոզիչներին ուզում եմ ասել, որ հաջորդ անգամ, երբ գլուխ կգովեք, թե ձեր վարչապետը Հայաստանում կարողանում է ազատ շրջել, ապա հիշեք, որ այդպես «ազատ» Հայաստանում կարող է զբոսնել նաև ձեր մեծ եղբայր Ալիևը: Իսկ ոստիկաններին խորհուրդ եմ տալիս գոնե Ալիևի շրջագայության ժամանակ հայերին չձերբակալել»:

Տեսանյութեր

Լրահոս