«Քարերի սիմֆոնիա» հուշարձանի մոտ տեղադրված առևտրի կրպակի մասին Գառնու համայնքապետի և Շրջակա միջավայրի նախարարության իրարամերժ տեղեկությունները
Համացանցում լուրեր էին տարածվել, որ Գառնու ձորում՝ Ազատ գետի ափին գտնվող «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանի մոտ տեղադրվել է առևտրի կրպակ: Տեղեկությունը բուռն արձագանք էր ստացել համացանցի օգտատերերի մոտ՝ մասնավորապես նրանց զայրացրել էր այն փաստը, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս կազմող տեսարժան հուշարձանից մի քանի մետրի վրա ընդհանրապես կարելի է առևտրի կրպակ տեղադրել:
Գառնու համայնքապետ Տիգրան Պողոսյանը 168.am-ի հետ զրույցում հերքել էր տարածվող լուրը և մանրամասնել, որ պարզապես այդ ճանապարհով կրպակը տեղափոխող մեքենան խափանվել է, կրպակը կարճ ժամանակով տեղադրել են «Քարերի սիմֆոնիա» հուշարձանի հարևանությամբ, ապա մեկ այլ մեքենայով տեղափոխել են նախատեսված վայր:
«Այս պահին Գառնու ձորում որևէ առևտրի կրպակ չկա»,- վստահեցրել էր Գառնու համայնքապետը:
Գառնու համայնքապետի «հերքման» պատմությունից ժամեր անց թեմային արձագանքեց ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը.
«Հարգելի´ քաղաքացիներ,
Ի պատասխան Քարերի սիմֆոնիա բնության հուշարձանի տարածքում տեղադրված ինքնաշեն կառույցի վերաբերյալ ահազանգերի, հայտնում ենք, որ հուշարձանի տարածքում տեղադրված կառույցն ապամոնտաժվել է»,- ֆեյսբուքյան էջով հայտարարեց ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը:
Պետական կառույցների՝ միևնույն փաստի մասին իրարամերժ հայտարարություններն այլևս ոչ մեկին չեն զարմացնում:
Աննա Դեմիրճյան