Փաշինյանի ավտոպարկում երկու նոր մեքենա է հայտնվել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Պադավատապետությանը դեմ Նիկոլ Փաշինյանը շարունակում է թարմացնել իրեն սպասարկող ավտոպարկը։ Մի քանի օր առաջ նկատեցինք, որ նրան սպասարկող մեքենաների մեջ նոր Toyota Hiace մակնիշի միկրոավտոբուս է հայտնվել։ Այն, ինչպես հասկացանք, փոխարինում է նախկինում առկա Volkswagen Multivan մինիվենին, որը տեղափոխում էր ԱԱԾ-ի դիմակավորված հատուկ ջոկատայիններին։ Այդ մեքենան վաղուց էր շահագործվում` դեռ Սերժ Սարգսյանի ժամանակներից, հիմա Նիկոլ Փաշինյանն ու նրա անվտանգությունն ապահովող Պետական պահպանության ծառայությունը որոշել են վարչապետին սպասարկող նոր մեքենա ձեռք բերել։

Կառավարության լրատվականից ասացին՝ գրավոր հարցում ուղարկեք ՊՊԾ։ Մենք ճշտեցինք, որ մոտ 4 ամիս առաջ է ՊՊԾ-ն ավտոսրահից ձեռք բերել նշված Toyota Hiace միկրոավտոբուսը, արժեքը՝ մոտ 20 մլն կամ 40 հազար դոլար։ Բայց սա միակ ձեռքբերումը չէ վարչապետի ավտոպարկում։ Անձամբ Նիկոլ Փաշինյանին սպասարկելու համար մի նոր զրահապատ մեքենա են ձեռք բերել՝ ջիպ տեսակի։ Lexus LX570 մակնիշի շքեղ ամենագնաց, որն անցյալ տարի է գնվել՝ բյուջեի հաշվին։

Հիմա մարզային այցերի ժամանակ Փաշինյանին հենց այս մեքենան է սպասարկում։ Այն 2021 թ․ արտադրության է, գնվել է երեւանյան ավտոսրահից, արժեքը՝ մոտ 110 հազար դոլար, սակայն գնելուց հետո էլ ուղարկվել է Մոսկվա՝ զրահապատման։ Արդյունքում վարչապետին սպասարկող նոր մեքենան արժեցել է մոտ 200 հազար դոլար կամ մի փոքր ավելի։

Հիշեցնենք․ Սերժ Սարգսյանը մինչեւ իր պաշտոնավարման ավարտը մոտ 10 տարվա հնության Mercedes S-Class-ով էր շրջում, իսկ Փաշինյանն իր գալու հաջորդ տարին 2 նոր զրահապատ Mercedes S-Class գնեց՝ մոտ կես միլիոն դոլար արժողությամբ»:

Տեսանյութեր

Լրահոս