Սովորելու համար իրար վրա ՃՈ ակտեր գրելով՝ ԴԱՀԿ հասնելու նուրբ արվեստը
Մինչ Պարեկային ծառայության «կնքահայրեր» Դանիել Իոաննիսյանն ու Արդարադատության նախկին փոխնախարար, գործող ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը պատեհ-անպատեհ գլուխ են գովում իրենց մեծագույն նվաճման առիթով, պարեկները շարունակում են դառնալ անեկդոտների հերոսներ:
Հերթական զավեշտալի պատմությունը՝ կապված պարեկների հետ, հայտնի դարձավ 168.am-ին:
Այսպես, գաղտնիք չէ, որ մասնագիտական պատրաստվածության լուրջ խնդիրներն ու տարրական գրագիտության պակասը խնդիրներ են ստեղծում պարեկների աշխատանքում, և ղեկավարությունը ջանքեր է գործադրում՝ վերջիններիս հետ ուսուցողական աշխատանքներ տանելու և աշխատանքի որակի բարձրացման ուղղությամբ: Մասնավորապես, որպեսզի պարեկները հմտանան Ճանապարհային ոստիկանության (ՃՈ) ակտերի բլանկներ լրացնելու մեջ, մեր տեղեկություններով՝ նրանց բաժանվում են ՃՈ դատարկ բլանկներ, որ միմյանց վրա «թեթև» ակտեր գրեն ու սովորեն՝ ինչպես պետք է լրացնել դրանք:
Նրանց, սակայն, ըստ ամենայնի, զգուշացրած չեն լինում, որ դրանք չուղարկեն ՃՈ վարչություն, այսինքն՝ չպաշտոնականացնեն: Ղեկավարության մտքով, թերևս, չի անցնում, որ հնարավոր է նման բան:
Բայց արի ու տես, որ մեր պարեկների «օրինապահությունը» և անգրագիտությունը սահմաններ չի ճանաչում, և միմյանց վրա գրված ակտերն ուղարկվում են ճՈ վարչություն: Դրանք, բնականաբար, չեն մուծվում, և ՃՈ-ից ակտերի գումարները բռնագանձելու համար դիմում են Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող (ԴԱՀԿ) ծառայությանը:
«Այս պահին 250-ից ավելի նման ակտ կա ԴԱՀԿ-ում»,- ասաց մեր աղբյուրը:
Մեզ պատմեցին նաև, որ պարեկները, ԴԱՀԿ-ից ծանուցումները ստանալով, ներկայացել են ծառայություն, ասել, որ դրանք ուսուցողական նշանակություն են ունեցել, սակայն ԴԱՀԿ-ում միայն ժպտացել են: