
Չինաստանի պաշտպանության նախարարությունը Թայվանի անջատման դեպքում պատերազմով է սպառնացել

Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակը առանց վարանելու ռազմական գործողություններ կսկսի, եթե Թայվանը դուրս գա ՉԺՀ-ից։ Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Չինաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վու Ցյանը։
«Եթե ինչ-որ մեկը համարձակվի պոկել Թայվանը մեր երկրից, Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակն առանց վարանելու պատերազմ կսկսի»,- Վու Ցյանի խոսքերն է մեջբերել Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը։ Ցյանը լրագրողների առջեւ ելույթ է ունեցել Սինգապուրում Չինաստանի պաշտպանության նախարար Վեյ Ֆենհեի եւ նրա ամերիկացի գործընկեր Լլոյդ Օսթինի հանդիպումից հետո։ «Մենք հաստատակամորեն պաշտպանելու ենք մեր երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- նշել է նա։
Պաշտոնական ներկայացուցիչն ասել է, որ Պեկինը չի փոխի իր դիրքորոշումն այս հարցում։ Միաժամանակ նա նշել է, թե Չինաստանի իշխանությունները դեմ են, որ չին-ամերիկյան հարաբերությունները «դիտարկվեն բացառապես մրցակցության հարթությունում»։
«Մենք պետք է հարգենք միմյանց, խաղաղ գոյակցենք, փոխշահավետ համագործակցության հարաբերություններ կառուցենք»,- ամփոփել է Վու Ցյանը։