Թուրքական և հունական կողմերը շարունակում են փոխադարձ մեղադրանքներ հնչեցնել

Թուրքիան և Հունաստանը իրենց երկրների բարձրաստիճան տարբեր պաշտոնյաների միջոցով շարունակում են փոխադարձ մեղադրանքներ հնչեցնել: Այս մասին տեղեկացնում են թուրքական և հունական ԶԼՄ-ները:

«Մենք Հունաստանին կոչ ենք անում դադարեցնել ոչ ռազմական կարգավիճակ ունեցող կղզիների ռազմականացումը և գործել միջազգային պայմանագրերին համապատասխան: Ես կատակ չեմ անում, ես լուրջ եմ ասում»,- հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Նա նաև հայտարարել է, որ Հունաստանը պետք է «խելքի գա», և որ Անկարան չի հրաժարվի Էգեյան ծովում իր իրավունքներից։

Նախորդ հայտարարությունից մեկ օր անց Էրդողանը թվիթերյան գրառում է արել, որում հիշատակել է 1919-1922 թվականների հունա-թուրքական պատերազմը և սպառնացել Հունաստանին:

«Մենք ևս մեկ անգամ Հունաստանին կոչ ենք անում խոհեմ լինել, հեռու մնալ իր երազանքներից, հռետորաբանությունից և գործողություններից, որոնք կարող են հանգեցնել այնպիսի արդյունքների, որոնց համար նա կզղջա, ինչպես եղավ մեկ դար առաջ»,- իր թվիթերյան միկրոբլոկում գրել է Էրդողանը ։

Ի պատասխան Էրդողանի հայտարարությունների, Հունաստանի կառավարության խոսնակ Յանիս Էկոնոմուն ասել է, որ Աթենքը Թուրքիայի «սադրանքներին» պատասխանում է «հանգստությամբ և վճռականությամբ»։

Աթենքը հայտարարվել է նաև, որ Թուրքիան ընտրողաբար և իր օգտին է մեկնաբանում միջազգային համաձայնագրերը:

Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Պանայոտոպուլոսն արձագանքելով Էրդողանի հայտարարություններին՝ նշել է, որ Հունաստանը մինչև վերջ պաշտպանելու է իր ինքնիշխան իրավունքները և ովքեր կփորձեն խախտել այն, կզղջան դրա համար:

Տեսանյութեր

Լրահոս