«Ոստիկանությունն իրականացրել է գործողություններ՝ տվյալ պահով պայմանավորված». Արա Ֆիդանյանը՝ հունիսի 3-ի դեպքերի մասին
Հայաստանի ոստիկանապետի առաջին տեղակալ Արա Ֆիդանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում պատասխանելով հունիսի 3-ին Բաղրամյան-Դեմիրճյան փողոցում խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության կիրառած գործողությունների մասին հարցին, ասաց, որ անձամբ իր կարծիքով՝ ոստիկանության գործողությունները եղել են համաչափ։
«Տվյալ պահին ոստիկանությունն իրականացրել է այն գործողությունները, որոնք անհրաժեշտ են եղել՝ հենց տվյալ պահով պայմանավորված»,- նշեց Արա Ֆիդանյանը։
Դիտարկմանը, որ խաղաղ ակցիայի մասնակիցների նկատմամբ հատուկ միջոցներ են կիրառվել, Արա Ֆիդանյանը հարցով պատասխանեց. «Դուք կարծում եք՝ այդ ամենը խաղաղ բնո՞ւյթ էր կրում։
Ակնհայտ է, որ այնտեղ եղել են թե՛ քարեր, ունենք կադրեր, երբ այլ առարկաներ ևս նետվել են, և դրա սկիզբը դրվել է հենց հավաքի մասնակիցների կողմից։ Հետևաբար, երբ սկսվում են նմանատիպ գործողություններ, ակնհայտ է, որ խաղաղից անցնում են ոչ խաղաղ բնույթի։ Այս դեպքում ոստիկանությունը կարող է կիրառել ցանկացած միջոց՝ օրենքի շրջանակներում»։
Հարցին՝ հատուկ միջոցներ կիրառելուց առաջ արդյո՞ք ոստիկանությունը չպետք է զգուշացնի խաղաղ ակցիայի մասնակիցներին, որպեսզի այն քաղաքացիները, որոնք չեն ուզում վնասվել՝ տարածքից հեռանան, Արա Ֆիդանյանը պատասխանեց, որ օրենքով կարգավորմամբ այն դեպքերում, երբ իրավիճակն արդեն ծայրահեղ է, զգուշացումը կարող է տեղի չունենալ։
«Ւնչ վերաբերում է այն քաղաքացիներին, ովքեր չեն ցանկանում վնասվածքներ ստանալ, ապա այստեղ մենք երբեմն հարցեր ենք հնչեցնում, որ կտրված են իրականությունից։ Այսինքն՝ քաղաքացին քարը նետում է դեպի ոստիկանությունը, բայց չի ցանկանում, որպեսզի վնասվածք ստանա՞։ Այսօր այն անձինք, ովքեր կասկածվում են այդ գործողությունների մեջ, նրանց նկատմամբ սկսվել է համապատասխան գործընթաց։ Այս պահին չեմ կարող ասել՝ ոստիկաների ներգրավմամբ առկա՞ են քրեական գործեր, թե՞ ոչ, քանի որ այդ քրեական գործը ոստիկանությունը չի հարուցում»,- հավելեց Ա. Ֆիդանյանը։
Միաժամանակ փոխոստիկանապետը հարցեր հնչեցնող լրագրողներին գնահատական տալով՝ ասաց, թե այնպես են հարցերը ձևակերպում, կարծես այդ ամենը հրահրողը ոստիկանությունն է եղել, մինչդեռ Ֆիդանյանի վստահեցմամբ՝ ոստիկանությունը չի եղել հրահրողը։