Բաժիններ՝

Ճանապարհային կարմիր գծանշումը դեղինով փոխարինելը նոր խնդիրներ է առաջացրել. Վարորդները դժգոհում են

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը շրջանառության մեջ է դրել նոր նախագիծ, համաձայն որի՝ Հայաստանում երթևեկության մեջ կներդրվի նոր գծանշում: Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերը և թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլների կայանման տեղերը նշելու համար կարմիր բեկյալ գիծ կկիրառվի:

«Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի «Ճանապարհային գծանշմանը ներկայացվող պահանջները, դրա կիրառման կանոնները, ճանապարհային ցանկապատներին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման և տեղակայման կանոնները, ուղղորդ սարքվածքներին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման և տեղակայման կանոնները և արհեստական անհարթություններին ներկայացվող պահանջները և դրանց կիրառման կանոնները հաստատելու մասին» N 113-Ն որոշման՝  N 1 հավելվածի 70-րդ կետում «կարմիր» բառը փոխարինել «դեղին» բառով»,- նշված է նախագծում:

«Ասում է՝ կարմիր գծանշումը չի երևում, դրա համար էլ որոշել ենք դեղին գծենք, ու ոչ մեկի մտքով չի անցնում ներկի որակը բարձրացնի, որ գծանշումը երևա։ Հիմա ավելի հաճախ կներկեն։ Լրիվ ջրաներկ է: Նայում եմ՝ ֆոնը սև ու սպիտակ է, պատուհանը բացեցի, մոտիկից նայեցի, տեսնեմ՝ գծանշումը թափանցում է»,- մեզ հետ զրույցում ասաց վարորդներից մեկը:

«Գծելուց հետո էլ հենց մեքենա է անցնում, սպիտակը քիչ-քիչ շագանակագույն է դառնում: Մի երկու անգամ անձրև գա՝ կվերադառնանք առանց գծանշում փողոցների»,- հավելեց մյուսը:

Երևանի քաղաքապետարանից էլ մեզ հետ զրույցում պարզաբանեցին, որ կանգառների հարակից հատվածներում դեղին գծանշում են անելու, որպեսզի այս գոտիները այլ տրանսպորտային միջոցների կողմից ցայտուն տարբերվեն գունային առումով, որպեսզի չզբաղեցնեն այդ հատվածները:

«Դա  չի ջնջվում, սխալ տպավորություն է: Միանգամից փայլ չի տալիս, մի թեթև անձրև գա՝ ավելի է փայլում, ինչ վերաբերում է որակին՝ ապա այս տարի ներկի որակական չափանիշներն ավելի լավ են, քան նախկինում եղել է»,- մանրամասնեցին քաղաքապետարանից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս