Ռուսաստանը հրաժարվե՞ց Փառուխի հարցից. ՌԴ ԱԳՆ-ն խմբագրեց Լավրովի խոսքը Փառուխի վերաբերյալ
Նախօրեին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Երևան աշխատանքային այցի շրջանակում տրված մամուլի ասուլիսից հետո լրատվադաշտում և համացանցում ամենաքննարկվող թեման Լավրովի մեկնաբանությունն էր ԼՂ Փառուխ գյուղ ադրբեջանական ներխուժման վերաբերյալ: ՌԴ ԱԳ նախարարը մասնավորապես ասել էր, թե ռուս զինվորականները և իրենց հայ ընկերներն այդ մասին լավ տեղեկացված են, որ ռուսական կողմը թեման պահում է իր առաջնահերթությունների շարքում:
«Կան արդեն իսկ արդյունքներ իրավիճակի ապաէսկալացիայի տեսքով, և մենք ընկալում ունենք, որ սկսվող դելիմիտացիայի առարկայական գործընթացի շրջանակում այդ հարցերը դիտարկվելու են և անպայմանորեն լուծվելու»,- ասել էր Լավրովը:
ՌԴ ԱԳ նախարարի այս անդրադարձին անմիջապես արձագանքեց Ադրբեջանի ԱԳ նախարարությունը: «Ադրբեջանի և Հայաստանի կողմից ստեղծված սահմանազատման հանձնաժողովների գործունեությունը, ինչպես նախկինում նախատեսված էր, հետապնդում է երկու երկրների պետական սահմանի սահմանազատման նպատակ։ Այս գործընթացի շրջանակներում չի նախատեսվում դիտարկել ադրբեջանահայկական պետական սահմանից դուրս որևէ հարց, այդ թվում՝ Ադրբեջանում ռուսական խաղաղապահ զորակազմի ժամանակավոր տեղակայման տարածքների հետ կապված»,- հայտարարեց Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Եվ պարզվում է, որ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունից հետո ՌԴ ԱԳՆ-ն պաշտոնական կայքում խմբագրում է Լավրովի պաշտոնական խոսքը Երևանում մամուլի ասուլիսի ընթացքում այն դեպքում, երբ Լավրովը և Միրզոյանը խոսել են երկու երկրների շուրջ 2 տասնյակից ավելի լրատվամիջոցների համար՝ տեսախցիկների ներքո: Եվ, ըստ խմբագրված տեքստի, Լավրովն իբրև թե ասել է. «Հուսով ենք, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը կնպաստի Բաքվի և Երևանի միջև վստահության բարձրացմանը և ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում Փառուխի նման միջադեպերի կանխմանը»։
ՌԴ ԱԳՆ խմբագրված տեքստը, բնականաբար, լիովին այլ բան է նշանակում՝ նշանակում է, որ Փառուխի հարցը հայ-ադրբեջանական դելիմիտացիայի ընթացքում չի քննարկվելու և ադրբեջանական ուժերի Փառուխ ներխուժման հարցը չի լուծվելու: Ի տարբերություն Լավրովի իրական խոսքի, խմբագրված տարբերակում չի ասվում, որ այդ հարցը լուծվելու է:
Կարելի է մտածել, որ ռուսական կողմն անհանգստացավ Ադրբեջանի ԱԳՆ արձագանքից ու փոխեց տեքստը, ինչը բազմաթիվ հարցեր է առաջացնում: Այնուամենայնիվ, հաշվի առնելով հարցի զգայունությունը՝ 168.am-ը հարցերով կդիմի ՌԴ ԱԳՆ և պատասխանների մասին կտեղեկացնի առանձին հրապարակմամբ: