Որ Հայաստանում կա քաղաքական ճգնաժամ, տեսնում են բոլորը, բացի Նիկոլից ու իր շրջապատից. Արմեն Աշոտյան

Այսօր առավոտյան Բաղրամյան 26-ում տեղի էր ունենում  Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Արտգործնախարարների խորհրդի հերթական նիստը:  «Դիմադրություն» շարժումն էլ  Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվել էր ու հասել Բաղրամյան պողոտա, սակայն քայլերթի մասնակիցներին չէր հաջողվել մոտենալ նախագահական նստավայրին, որտեղ և անցկացվում էր ՀԱՊԿ նիստը. ոստիկանները մի քանի շարքով փակել էին ճանապարհը:

Շարժման մասնակիցները, ի վերջո, վերադարձան Ֆրանսիայի հրապարակ՝ հստակեցնելու հետագա անելիքները:

«Այսօր արձանագրում ենք Հայաստանում քաղաքական ճգնաժամի հերթական օրը. այս իշխանությունները՝ ինչպես սատանան՝ խաչից խրտնում են ձևակերպումից: Որ Հայաստանում քաղաքական ճգնաժամ կա, տեսնում են բոլորը՝ բացի Նիկոլից ու իր մերձավոր շրջապատից:

1000 հոգին բավարար էր, որպեսզի հազարավոր ոստիկաններ հանեին փողոց՝ ինչ է՝ մի քանի արտգործնախարարի մասնակցությամբ նախագահականում պետք է նիստ անեին. բա քաղաքական ճգնաժամը պոզով-պոչո՞վ է լինում»,- արդեն Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ ամփոփելով հերթական ակցիան՝ նշեց ՀՀԿ ԳՄ անդամ Արմեն Աշոտյանը:

Ընդդիմադիր քաղաքական գործիչը համոզված է՝ քաղաքական ճգնաժամերը չպետք է չափել քանակով՝ ինչպես այս իշխանություններն են անում:

«Եթե քաղաքական ճգնաժամերը չափեք մարդկանց քանակով՝ ոնց որ սրանք են փորձում, ապա՝

ա. մենք մի քանի անգամ ունեցել ենք 50-60 հազար մասնակից,

բ. դա նույնն է՝ ոնց որ մարդու լավ կամ վատ լինելը չափեք իր քաշով,

գ. այդ դեպքում ամենամեծ քաղաքական ճգնաժամերը ֆուտբոլային ստադիոններում են՝ 80-90 հազար մարդկանց ներկայությամբ:

Ակնհայտ է չէ՞, որ քաղաքական ճգնաժամը որոշվում է  այն ներվով, օրակարգով, որով երկիրդ զարթնում է: Երկիրդ 2020 թ. նոյեմբերի 9-ից զարթնում է  այս օրակարգով: Ավելին՝ երբ սրանք փորձում են հիմնավորել, թե իբրև թե արտահերթ խորհրդարանական ընտրություններով ճգնաժամը պարպվել է, դա էլ է, չէ՞, սուտ: Չեմ խոսում ընտրությունների որակի մասին. դիցուք՝ աշխարհի ամենալավ ընտրություններն էին. բան փոխվել է՞ ՀՀ-ի,  Արցախի և հայ ժողովրդի կյանքում. ո՞ր հարցը, որ առաջ կար մինչև ընտրություն, հիմա էլ չկա: Այդ ո՞ր հարցն է՝ Արցախի անվտանգությանն հարցն է լուծվե՞լ, ՀՀ անվտանգության հարցն է լուծվե՞լ, ՀՀ ինքնիշխանության հարցն է՞ լուծվել. այդ ո՞ր հարցն է լուծվել խորհրդարանական ընտրություններով՝ բացի նրանից, որ Նիկոլը վերարտադրվել է»,- հավելեց նա:

 

Տեսանյութեր

Լրահոս