Արդյո՞ք Հայաստանի գործող իշխանությունը ունի արկածախնդիր արտաքին քաղաքականություն վարելու մանդատ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամն ուսումնասիրել է Հայաստանում Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) վերջին հարցումների արտաքին քաղաքական և անվտանգային բաղադրիչը` հասկանալու համար արդյո՞ք Հայաստանի գործող իշխանությունը ունի արկածախնդիր արտաքին քաղաքականություն վարելու մանդատ։
Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտում ՀՀ իշխանությունների օրակարգը հիմնականում չի վայելում Հայաստանի քաղաքացիների մեծ մասի աջակցությունը։ Այսինքն, եթե նույնիսկ 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում գործող իշխանությունը վերարտադրվել է, դա դեռ չի նշանակում, որ Հայաստանի քաղաքացիները վերջինիս պատվիրակել են կարևոր ազգային և անվտանգային հարցերում լուրջ զիջումների գնալու և նոր ցնցումներ նախաձեռնելու «մանդատ»։
Ամփոփ անդրադառնալով հետազոտության արդյունքներին՝
- Հարցվածների 73%-ը 2018-2021թթ․ Հայաստանի ամենամեծ ձախողումները կապում է Արցախի հարցի հետ, մինչդեռ նախորդ իշխանությունների հիմնական ձախողումների մասին հանրային ընկալումները կապված էին սոցիալ-տնտեսական և այլ ոլորտների հետ։
- Հարցվածների շուրջ 71%-ը ամենակարևոր խնդիրները դիտարկել է անվտանգային տիրույթում, մինչդեռ նախքան 44-օրյա պատերազմը բնակչության մեծամասնությունը ամենակարևոր խնդիրները համարում էր գործազրկությունն ու աղքատությունը։
- Հարցվածների 97,9%-ը բացառում է Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում, 98,2%-ը բացառում է Արցախի անցումն Ադրբեջանին՝ առանց կարգավիճակի։
- ՀՀ քաղաքացիների ընդամենը շուրջ 2%-ն են կողմ Արցախի կարգավիճակի «նշաձողի իջեցմանը»։
- Գործող իշխանության տրամաբանության շրջանակներում ՀՀ քաղաքացիների առնվազն 74%-ը «ռևանշիստներ» են․ հարցվածների 32%-ը Հայաստանի նպատակն է համարում նախկին ԼՂԻՄ տարածքների (Շուշի, Հադրութ և այլն) վերադարձը, իսկ ևս 42%-ը՝ 44-օրյա պատերազմից առաջ ԼՂ տիրապետության տակ գտնվող տարածքների վերականգնումը։
- Հարցվածների 66%-ը համաձայն չէ տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային ուղիների բացմանը։
- Քաղաքացիների 81%-ը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության բացումը համարում է սպառնալիք ՀՀ ազգային անվտանգության համար, իսկ 55%-ը դրանում տնտեսական զարգացման հիմքեր չի տեսնում։
- Հարցվածների 89%-ը մերժում է իշխանությունների կողմից փաստացի առաջ մղվող «պատմական կաղապարներից ազատվելու» «Բոլթոնի պլանը»՝ համաձայնելով, որ «անհնար է մոռանալ այն, ինչ կատարվել է նախկինում ազգերի միջև»։
- Խարխլված անվտանգային, սոցիալ-տնտեսական միջավայրը, անորոշությունը միջազգային հարաբերություններում հանգեցրել են նրան, որ ՀՀ քաղաքացիների մի մեծ հատված՝ 67%-ը բացասական է գնահատում ԽՍՀՄ փլուզումն ու ՀՀ անկախության վերականգնումը։
- Գործող կառավարությունը երկիրը հասցրել է մի կետի, երբ օբյեկտիվ իրողությունից ելնելով, հարցվածների կեսը չեն բացառել ՀՀ ինքնիշխանության մակարդակի նվազեցումը՝ անդամակցությունը Միութենական պետությանը։ Ավելին, հարցվածների 34%-ը կողմ կամ ավելի շուտ կողմ է արտահայտվել այդ հեռանկարին, և միայն 28%-ն է միանշանակ դեմ ՀՀ ինքնիշխանության սահմանափակմանը։
- Նվազել է ՀՀ քաղաքացիների կողմից ՌԴ նկատմամբ դրական ընկալումը, ինչը նաև 44-օրյա պատերազմից հետո ՀՀ իշխանության որդեգրած քաղաքականության ուղղակի հետևանք է, երբ Հայաստանում և Արցախում սահմանների և անվտանգության հետ կապված բոլոր խնդիրներում փորձ է արվում պատասխանատվությունը դնել ՌԴ կամ ՀԱՊԿ վրա։ Այս դինամիկան վստահաբար աննկատ չի մնում Ռուսաստանում և իր երկարաժամկետ ազդեցությունն է ունենալու Հայաստանի վերաբերյալ մեր ռազմավարական դաշնակցի ընկալումների վրա։
- Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ հանրային ընկալումը «համահարթեցվել է», այսինքն՝ ի տարբերություն նախապատերազմյան շրջանի, այժմ ՀՀ քաղաքացիները այդ երկու երկրներին համարում են ՀՀ հանդեպ նույնքան թշնամաբար տրամադրված երկրներ։ Հետևաբար, իշխանությունների կողմից Թուրքիայի հետ այժմ տարվող բանակցային գործընթացի և նախկինում տեղի ունեցած «ֆուտբոլային դիվանագիտության» միջև զուգահեռներ անցկացնելու փորձերը անհիմն են։
Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հիմնադրամի պաշտանական կայքում հետևյալ հղումով։