
Պոլսո Հայոց պատրիարքը հանդիպել է Թուրքիայի արտգործնախարարի հետ

Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հրավերով հունիսի 9-ին այցելել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն և հանդիպել նրա հետ: Այս մասին տեղեկացնում է Պոլսո Հայոց պատրիարքարանի ֆեյսբուքի էջը:
Սահակ Մաշալյանի հետ Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն է այցելել նաև Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ և Վատիկանի Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչ՝ Գերշ. Տ. Խաժակ Ս. Արքեպիսկոպոս Պարսամեանը։
Հանդիպման ժամանակ Չավուշօղլուն հետաքրքրվել է համայնքային ընտրությունների թեմայով և հայտնել, որ կանոնադրության կազմման աշխատանքները հասել են վերջին փուլին և հույս հայտնել, որ շուտով կհրապարակվի:
Խաժակ Սրբազանը Չավուշօղլուին տեղեկացրել է, որ Սուրբ Ներսես Շնորհալու մահվան 850- ամյակին նվիրված արարողություններ են նախատեսվում, ինչպես Հռոմում, այնպես էլ այլ վայրերում, որտեղ հայեր կան:
Չավուշօղլուն հանդիպման ժամանակ խոստացել է Ստամբուլում լինելու դեպքում այցելել պատրիարքարան: