«ՀՀ-ում քաղաքական ճգնաժամ չկա». Արարատ Միրզոյան

«ՀՀ-ում քաղաքական ճգնաժամ չկա»,- այս մասին այսօր ՌԴ ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ՀՀ ներքաղաքական իրավիճակին։

Նա ընդգծեց, որ կարելի է միանշանակ պնդել, որ Հայաստանում քաղաքական ճգնաժամ չկա, քանի որ անցած ամառ տեղի են ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որտեղ ՀՀ քաղաքացիները շատ հստակ պատասխաններ են տվել մի շարք հարցերի, հանգուցալուծել են այն ժամանակ իսկապես առկա քաղաքական ճգնաժամը:

Նա նկատեց, որ այդ ընտրությունները ճանաչվել էին իբրև ժողովրդավարական ու թափանցիկ բոլոր դիտորդական առաքելությունների կողմից:

«Տեղի ունեցող միտինգների բազմամարդությունը, սակավամարդությունը չի խոսում այն մասին, որ այդ հանրահավաքները աջակցություն ունեն ՀՀ քաղաքացիների կողմից: Բայց միևնույն ժամանակ ՀՀ-ն ժողովրդավարական երկիր է, բոլորը խաղաղ հանրահավաքներ անցկացնելու իրավունք ունեն: Եթե հեռանանք իրավունքի հարցից, անդրադառնանք գործընթացի տրամաբանական կողմերին, ես կարող եմ իմ մասնավոր, անձնական դիրքորոշումը հայտնել՝ ես այդտեղ որոշակի ողջախոհության հետ կապված հարցեր եմ տեսնում ինքս ինձ համար:

Նախ հնարավորություն ունեն այդ քաղաքական ուժերն իրենց գործունեությունը ծավալել խորհրդարանում և իշխանություններին ամենասուր քննադատության ենթարկելու, ամենասուր հարցերը տալ, որից նրանք, ցավոք կամ բարեբախտաբար, չեն օգտվում՝ իրենց իրավունքն է կրկին։ Եվ երկրորդ ամենաէական բովանդակային կողմը հարցի՝ որքանով որ հասցրել եմ հետևել և հասկանալ, հանրահավաքներ կազմակերպող և մասնակցող ուժերը խոսում են այն մասին, որ ՀՀ–ն ճիշտ քաղաքականություն չի վարում ԼՂ հարցում, ճիշտ քաղաքականություն չի վարում Ադրբեջանի հետ բանակցություններում և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում: Այստեղ պետք է ասեմ, որ տարօրինակորեն մենք չենք տեսել հայտարարություններ այն մասին, որ եթե մեր կառավարությունը հրաժարական տա և իշխանությունն ինչ որ կերպ փոխանցվի այդ ուժերին, նրանք պատրաստվում են օրինակ չեղարկե՞լ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը կամ 2021 թվականի հունվարի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունները, պատրաստվում են դուրս գալ սահմանազատման գործընթացից, պատրաստվում են կասեցնել տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացը, և այլն, և այլն: Այսինքն՝ եթե այդպիսի մոտեցում հայտարարվեր, գուցե տրամաբանական կլիներ, որովհետև մեր մոտեցումը ես արդեն ներկայացրի և վաղուց հանրահռչակված է, և ահա այս առանցքային հարցերում տրամաբանական կլիներ, որ հակառակ մոտեցում ունենային»,- ասաց Միրզոյանը՝ շարունակելով, որ որևէ խոսք նշված գործընթացները կասեցնելու, դրանցից դուրս գալու մասին չի հանդիպել:

Տեսանյութեր

Լրահոս