Շատ հարցերում պատկերացումները չեն համընկնում, սակայն Երևանը շարունակում է հավատալ խաղաղ գործընթացին. Արարատ Միրզոյան

«Ողջունելի է Թուրքիայի իշխանություններից լսել, որ պատրաստ են բացել ՀՀ-ի հետ փակված սահմանը»,- այս մասին այսօր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական գործընթացին:

Նա նշեց, որ ուրախ է Թուրքիայի բարձրագույն իշխանության կողմից լսել հայտարարություններ այն մասին, որ նրանք պատրաստվում են և պատրաստ են կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, դիվանագիտական հարաբերություններ հաստատել և բացել Հայաստան-Թուրքիա սահմանը։

«Սա ողջունելի է։ Մյուս կողմից՝ Թուրքիան հայտարարում է առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության մասին, այնուամենայնիվ պարբերաբար կապ ենք տեսնում Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի և Հայաստան-Ադրբեջան գործընթացների միջև, կապ, որը Թուրքիայի իշխանություններն ընդգծում են ամեն առիթով: Մենք չենք կարծում, որ սա կառուցողական է»,- ասաց Միրզոյանը։

Այնուամենայնիվ, նրա որակմամբ՝ ողջունելի է լսել Թուրքիայից հայտարարություններ, որ իրենք պատրաստվում են բացել Հայաստանի հետ փակված սահմանը:

Անդրադառնալով Ադրբեջանի հետ հարաբերություններին՝ Միրզոյանն ասաց, որ բանակցությունները մի քանի ուղղություններով են ընթանում, շատ հարցերում պատկերացումները չեն համընկնում։ Սակայն Երևանը, նրա խոսքով, շարունակում է հավատալ խաղաղ գործընթացին, հայկական կողմը կարծում է, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման մեջ հնարավոր չէ չանդրադառնալ ԼՂ հակամարտությանը, չհասցեագրել և քաղաքական կարգավորում չտալ այդ հակամարտությանը, և նաև հավատացած են, որ այդ բանակցությունը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ ՄԽ շրջանակում:

Որպես գործընթացին խոչընդոտող գործոններ՝ նա նշեց բոլոր գերիներին վերադարձնելուց ադրբեջանական կողմի հրաժարվելը, հայկական մշակութային ժառանգության նկատմամբ շարունակվող ոտնձգությունները, սադրանքները, հրադադարի ռեժիմի խախտումները։

Նա Բաքվի և միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրեց այդ իրավիճակի վրա։

Տեսանյութեր

Լրահոս