Դատարանի նախագահը թեպետ ստեց, բայց Իգոր Խաչատուրովի գործով նիստը, այնուամենայնիվ, նշանակվեց

Երեկ Իգոր Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը ԶԼՄ-ների և գլխավոր դատախազության ուշադրությունն էր հրավիրել, իր խոսքով՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում նախապատրաստվող հանցագործության վրա:

«Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահին և նույն վայրում աշխատող Տիգրան Սիմոնյանին եմ ներկայացրել հիշյալ միջնորդությունը։
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը սույն թվականի հունիսի 6-ից իր տրամադրության տակ ունենալով Իգոր Խաչատուրովի վերաբերյալ նյութերը արդեն 2-րդ օրն է հրաժարվում է ինձ տեղեկացնել դատական նիստի օրը և ժամանակը»,- գրել էր նա:

Միհրան Պողոսյանը նաև նշել էր, որ միջնորդել է իրեն անհապաղ ծանոթացնել ստացված վարույթի նյութերին՝ հրապարակելով համապատասխան փաստաթուղթը:

Ավելի ուշ պաշտպանը ևս մեկ գրառում արեց, որում տեղեկացնում էր՝ «Քիչ առաջ վերադարձա ՀՀ վերաքննիչ քրեական դատարանից։ Ինչպես դատարանի նախագահը, այնպես էլ նույն շենքում դատավորի աշխատավարձ ստացող Տիգրան Սիմոնյանը հրաժարվեցին հայտնել Իգոր Խաչատուրովի գործով դատական նիստի օրն ու ժամը։

Դեռ ավելին, վերջիններս հարկ չհամարեցին նաև ինձ ծանոթացման ներկայացնել դատական գործը, ինչից ակնհայտ է, որ զրկված եմ պաշտպանությանը նախապատրաստվելու իրավունքից»:

168.am-ը փորձեց հասկանալ՝ որն է խնդիրը, և ինչու է Վերաքննիչ քրեական դատարանը անհասկանալի վարքագիծ դրսևորում անհապաղ քննվող գործերի շարքից կալանավորման՝ որպես խափանման միջոցի քննության հարցով դատական նիստի առնչությամբ:

Նախ կապ հաստատեցինք Վերաքննիչ քրեական դատարանի աշխատակազմի ղեկավար Տաթևիկ Ավագյանի հետ:

Վերջինս մեզ ասաց՝ ինքը չգիտի ու իրավասություն էլ չունի ստուգելու՝ գործի նյութերը երբ են ստացվել ու հանձնվել դատավորին. Ինքն ընդամենն աջակցել է, որ դատավորի կազմը կապ հաստատի փաստաբանի հետ:

«Պարոն Պողոսյանը ցանկանում էր հեռախոսազրույց ունենալ դատավորի կազմի հետ՝ ինչ-ինչ հարցերի վերաբերյալ ճշտումներ անելու համար, իսկ կազմն էլ ասում է՝ սահմանված ժամկետում ծանուցումները կուղարկվեն դատավարության բոլոր մասնակիցներին: Այս պահի դրությամբ ոչ մի խախտում արձանագրված չէ»,- ասաց Տաթևիկ Ավագյանը:

Նա հավելեց, որ նյութերը ստանալուց հետո եռօրյա ժամկետում գործը պետք է վարույթ ընդունվի և դատական նիստ նշանակվի:

Նրա խոսքով՝ քանի դեռ եռօրյա ժամկետը չի անցել, իսկ այդ ժամկետը, ըստ Միհրան Պողոսյանի տեղեկացման, լրանում էր այսօր՝ հունիսի 9-ին, որևէ խախտման մասին խոսք լինել չի կարող:

«Բացի այդ, Միհրան Պողոսյանը նաև միջնորդություն էր ներկայացրել գործի նյութերին ծանոթանալու: Դրա ընթացքից նույնպես տեղյակ չեմ, միգուցե այս պահին գործընթացը գնում է»,- ասել էր Վերաքննիչ քրեական դատարանի աշխատակազմի ղեկավարը:

Ինչպես վերևում արդեն նշեցինք, Միհրան Պողոսյանը չէր ծանոթացել գործի նյութերին օրվա ավարտի դրությամբ:

Ավելին, հաջորդիվ 168.am-ի հետ զրույցում Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանն ասաց՝ ոչ մի միջնորդություն էլ Իգոր Խաչատուրովի պաշտպանը գործի նյութերին ծանոթանալու համար չի ներկայացրել:

Եվ առհասարակ լրագրողների հետ շփման յուրահատուկ ձև էր որդեգրել Տիգրան Սահակյանը:

Նախ մեզ ասաց՝ ոչ ոք չի հրաժարվում տեղեկացնել դատական նիստի օրվա ու ժամի մասին, ասաց՝ երբ նշանակեն քննության, իրենց (պաշտպանական կողմին.- Գ.Ս.) գրավոր կտեղեկացնեն: Հետո, երբ ցանկանում էինք հարցեր ուղղել փաստաբանի բերած փաստարկների վերաբերյալ, Տիգրան Սահակյանը վրդովվում էր:

«Դե, փաստաբանը հիմա ինչ որ գրում է, ես չեմ կարող պատասխանել»,- ասաց Դատարանի նախագահը:

Վերջինիս ամեն դեպքում հորդորեցինք թույլ տա՝ հնչեցնենք մեր հարցերը մեր իսկ իրավասության շրջանակներում, որովհետև Տիգրան Սահակյանը շարունակ ընդհատում էր ու թույլ չէր տալիս հարց ձևակերպել՝ մասնավորապես ասելով՝ «փաստաբանը եթե հարց ունի, թող մեզ դիմի, մենք կպատասխանենք»:

Ի վերջո, կարողացանք հարցնել՝ ինչո՞ւ Իգոր Խաչատուրովի վերաբերյալ գործի նյութերը չեն տրամադրում վերջինիս պաշտպանին:

«Բայց ո՞վ է ասում, որ ինքը միջնորդել է ու չեն տրամադրել: Բացառվում է նման բան: Ինչ նյութ ստացել ենք, փաստաբանը կարող է գալ, ծանոթանալ»,- ասաց Տիգրան Սահակյանը:

Հիշեցնենք՝ մեր այս զրույցը տեղի էր ունենում երեկ՝ 17:30-ի սահմաններում:

Ի պատասխան՝ հարցրեցինք՝ փաստաբանը դատարանի տարածքում է, կարո՞ղ է գալ ու տվյալ պահին ծանոթանալ գործի նյութերին: Վերաքննիչ քրեական դատարանի նախագահը երկար մտածեց ու ասաց՝ հիմա չի կարող ասել: Հարցրեցինք՝ ինչո՞ւ, հատկապես, որ աշխատանքային օրը չի ավարտվել:

«Եղավ, հա, ուրեմն փաստաբանը ճիշտ չի գրում: Ես հիմա դատական նիստի եմ… Եղավ…»,- իր ենթադրությամբ «ցրեց» Տիգրան Սահակյանը, թեպետ մեզ համար պարզ էր, որ կամ Տիգրան Սահակյանը ստում է, որովհետև երեխայի ձայներ էին լսվում, կամ երեխային հետը տարել էր դատական նիստի:

Ինչևէ, օրը հենց այդպես էլ ավարտվեց: Իսկ առավոտյան կապ հաստատեցինք Իգոր Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի հետ, ով մեզ Տիգրան Սահակյանի դիտարկումների վերաբերյալ ասաց՝ պնդում է, որ ինքը միջնորդությունը ներկայացրել է գործի նյութերին ծանոթանալու, հիշեցրեց, որ հրապարակել է նաև փաստաթուղթ:

«Մինչ այս պահը Տիգրան Սիմոնյանի աշխատակազմից դեռ չեն կապվել ինձ հետ և չեն ասել, որ կարող եմ ծանոթանալ նյութերին: Սակայն ճշտել եմ, որ դատական նիստը նշանակվել է վաղը՝ 10:00-ին: Մնացածի հետ կապված՝ վաղը կլինեմ դատարանում և տեղում կճշտեմ բոլոր անձանց գործողություններն այս գործի շրջանակներում»,- եզրափակեց Միհրան Պողոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս