«Թշնամի պետությունները պիտի հասկանան՝ նոր Նախիջևան չի լինելու». Իշխան Սաղաթելյան
ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն այսօր ԱԳՆ շենքի մոտ հայտարարեց, որ ԱԳՆ են գնացել շատ հստակ պահանջով։ Արդեն մեկ ամսից ավելի է, Հայաստան ժամանող ցանկացած պատվիրակության փորձում են փոխանցել հայ ժողովրդի ուղերձը։
«Մեր ռազմավարական դաշնակից երկրները, ամբողջ աշխարհը, այդ թվում՝ թշնամի պետությունները պետք է հստակ իմանան՝ չի կարող լինել որևէ լուծում, որի պարագայում Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում։ Անկախ օրվա դավաճան իշխանությունների մոտեցումներից, հայ ժողովուրդը տեր է Արցախին, տեր է իր հայրենիքին, տեր է անվտանգությանը։ Արցախը երբեք չի հայաթափվելու, նոր Նախիջևան չի լինելու, որովհետև մենք տեր ենք մեր իրավունքներին»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Ընդդիմադիր գործիչը մեկ անգամ ևս ընդգծեց՝ հողատու, կապիտուլյանտի հետ ցանկացած բանակցություն, պայմանավորվածություն առոչինչ է։ Ռազմավարական դաշնակցի՝ ՌԴ-ի հետ հայ ժողովուրդն ունի օրակարգ, որը միասին պետք է քննարկեն և դրան լուծում տան, սակայն այդ ամենը պետք է լինի առանց Նիկոլ Փաշինյանի, քանի որ նա չի արտահայտում հայ ժողովրդի կամքն ու դիրքորոշումը և կապ չունի կենսական անհրաժեշտության սկզբունքների ու խնդիրների հետ։
Նշենք, որ այսօր ընդդիմադիրները բազմաթիվ քաղաքացիների ուղեկցությամբ Ֆրանսիայի հրապարակից բողոքի երթով գնացել էին դեպի ԱԳՆ շենք, որտեղ տեղի էր ունենում ՀՀ և ՌԴ արտգործնախարարների հանդիպումը։ Ընդդիմությունն այնտեղ է գնացել հայտարարելու, որ արտգործնախարարը և Նիկոլ Փաշինյանը որևէ մանդատ չունեն բանակցելու Հայաստանի ու հայ ժողովրդի անունից։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում