«Գիտեմ՝ միտինգներին սառն եք վերաբերվում, բայց Դուք պատրիոտ եք, ես էլ. Հայկ Մամիջանյանը դիմեց Լավրովին
«Այսօրվա ելույթս պետք է ընկալել ոչ թե՝ որպես բողոք, այլ՝ ընկերական, դաշնակցային պահանջատիրություն։ Հայաստանի ու Ռուսաստանի բարեկամությունը, ռազմավարական դաշնակցությունը ոչ միայն միջազգային պայմանագրերով է ֆիքսված, այլ արժեքաբանական, մեր ժողովուրդների բարեկամությամբ է ֆիքսված»,- այսօր ԱԳՆ շենքի մոտ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
Նշենք, որ այսօր ընդդիմադիրները բազմաթիվ քաղաքացիների ուղեկցությամբ Ֆրանսիայի հրապարակից բողոքի երթով գնացել էին դեպի ԱԳՆ շենքի մոտ, նույն ժամին տեղի էր ունենում ՌԴ և ՀՀ արտգործնախարարների հանդիպումը։ Ընդդիմության այս ակցիայի նպատակն էր՝ ՌԴ բարձրաստիճան պաշտոնյային հայտարարություններով իրազեկել, որ ՀՀ արտգործնախարարը և Նիկոլ Փաշինյանը որևէ մանդատ չունեն բանակցելու Հայաստանի ու հայ ժողովրդի անունից։
Հայկ Մամիջանյանի խոսքով՝ իրենք առնվազն տարակուսած են, չեն հասկանում, թե ինչպես կարող է ՌԴ արտգործնախարարը հանդիպել այն մարդկանց խմբի հետ, որոնք պարբերաբար, տասնամյակներ շարունակ վնասել են Հայաստանի ու Ռուսաստանի եղբայրությանը։
«Ինչպես կարող է հանդիպել այն մարդկանց խմբի հետ, ում խորհրդարանական խմբակցությունը 2021 թվականի նոյեմբերին անհիմն հակառուսական և ՀԱՊԿ քննադատություն ու հիստերիա էր բարձրացրել ԱԺ-ում։ Մենք ակնկալում ենք, որ կստանանք պատասխան, որ Փառուխի և Քարագլխի դեպքերից հետո ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց առ այն, որ ադրբեջանական կողմը հետ է քաշվելու դեպի այն դիրքեր, որոնք կային նոյեմբերի 9-ի հայտարարությամբ»,- նշեց Հայկ Մամիջանյանը։
Նա հույս հայտնեց, որ օրվա իշխանությունների տված ցուցակով ընդդիմադիր պատգամավորների մուտքն Արցախ կանխելու ամոթալի դիպվածն այլևս երբեք չի կրկնվի։
Միաժամանակ, ընդդիմադիր գործիչն ընդգծեց, որ իշխանություններն անցողիկ են, կոնկրետ օրվա իշխանությունն արդեն անցած է, բայց հայ-ռուսական բարեկամությունը դարերով է, հավերժ է։
«Հիշեցնեմ, որ մեր հայրենակիցները, որոնք մասնակցել են երկրորդ աշխարհամարտին, ամեն երկրորդը չի վերադարձել։ Աստված մի արասցե, եթե նման արհավիրք կրկնվի, բայց կրկնվելու պարագայում մենք պատրաստ ենք մեր ռազմավարական, դաշնակցային պարտականությունները կատարել և նույնն ակնկալում ենք Ռուսաստանից։
Սերգեյ Վիկտորովիչ ես գիտեմ Ձեր սառը վերաբերմունքը միտինգներին առհասարակ, բայց ես նաև գիտեմ, որ դուք ձեր երկրի պատրիոտն եք, ես էլ իմ երկրի պատրիոտն եմ»,- եզրափակեց Հայկ Մամիջանյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում