«ՀՀ իշխանությունների չհաշվարկված հայտարարությունները զրկում են մեր պետությանը Արցախի հարցում ճիշտ կերպով բանակցելու և համապատասխան ուղերձներ հղելու հնարավորությունից»․ Տաթևիկ Հայրապետյան
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ադրբեջանի ԱԳՆ֊ն հանդես է եկել հայտարարությամբ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի՝ Արցախ կատարած այցի վերաբերյալ։
Հայտարարության մեջ ասված է. «Այդ քայլն ուղղված է Ադրբեջանի սուվերենության և տարածքային ամբողջականության դեմ։ Դա ոտնահարում է միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները։
Հայկական կողմի այս անպատասխանատու և սադրիչ քայլը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ նրանք անկեղծ չեն հարաբերությունների կարգավորման հարցում։ Սա ստվերում է նաև միջազգային միջնորդական առաքելությունների ջանքերը։ Շեշտենք, որ այս սադրիչ քայլի ամբողջ պատասխանատվությունը ընկնում է հայկական կողմի վրա»։
Հիշեցնեմ, որ օրեր առաջ Բաքվում նաև արգելափակեցին «Ռիա Նովոստի» գործակալության կայքը, քանի որ Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը ծավալուն հարցազրույց էր տվել այդ գործակալությանը մի շարք կարևոր շեշտադրումներով։
Փաստացի, Ադրբեջանի նպատակը Արցախի ամբողջական իզոլացիան է արտաքին աշխարհից։
Ուստի, պաշտոնական Երևանի կողմից հնչող նշաձողի իջեցման մասին հայտարարություններն ու քայլերը, ձևակերպումների փոփոխությունները, ինքնորոշման իրավունքից հրաժարվելու միտումը ավելի են արձակում Բաքվի ձեռքերը` դարձնելով նրանց շատ ավելի հանդուգն և ագրեսիվ։ ՀՀ իշխանությունների չհաշվարկված հայտարարությունները զրկում են մեր պետությանը Արցախի հարցում ճիշտ կերպով բանակցելու և համապատասխան ուղերձներ հղելու հնարավորությունից»։