ԵԽ Գլխավոր քարտուղարի գլխավորած պատվիրակությունը կժամանի Հայաստան

Հունիսի 16-17-ը Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի գլխավորած պատվիրակությունը կժամանի Հայաստան։

Այցի կապակցությամբ ՀՀ վարչապետը որոշում է ստորագրել։

Որոշման տեքստում ասված է․

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի` 2022 թվականի հունիսի 16-17-ը Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի գլխավորած պատվիրակության՝ Հայաստանի Հանրապետություն կատարելիք այցի կապակցությամբ`

1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետին`

1) նախապատրաստել այցելության ծրագիրը, ապահովել հյուրերի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումը՝ համաձայն պետական արարողակարգի.

2) պատվիրակության անդամներին ապահովել սննդով.

3) ապահովել հյուրերի սպասարկումը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում:

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` ապահովել Պատվո պահակային վաշտի ներկայությունը արարողակարգային միջոցառումների ընթացքում` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի:

3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` հատկացնել ուղեկցության համար ճանապարհային ոստիկանության ուղեկցող անձնակազմեր` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի:

4. Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետին` ապահովել հյուրի անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում և հատկացնել ուղեկցող անձնակազմեր՝ ըստ անհրաժեշտության:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` վերոհիշյալ պատվիրակության՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության, ինչպես նաև այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հաշվետվությունների»:

Տեսանյութեր

Լրահոս