«Չէ, չէ, այ տղա, բժիշկ չեմ, բայց ձեզնից շատ եմ հասկանում». հերթական հարձակումը շտապօգնության բժիշկների վրա. ոստիկանությունը հաստատում է
Վերջին ժամանակներում մեր իրականության մեջ հաստատուն կերպով իր տեղն է գտել այնպիսի արատավոր երևույթ, ինչպիսին Շտապ բուժօգնության բժիշկների վրա հարձակումներն են:
Հերթական նման խայտառակ դեպքի մասին 168.am-ը տեղեկացավ այսօր. երեկ հարձակվել ու ծեծի են ենթարկել Շտապօգնության 1-ին ենթակայանի Արաբկիրի գծային բաժնի բժշկին:
Մեր տեղեկություններով՝ կանչը գրանցվել է Մինաս Ավետիսյան փողոցից, ուր 3 տղամարդ ալկոհոլ օգտագործելիս են եղել:
Ընդ որում, կրկնակի կանչ է եղել, դրանից մեկ ժամ առաջ մեկ այլ բրիգադ կրկին մոտեցել է նշված հասցեով:
Ինչևէ, տեղ են հասել, բրիգադը մտել է բնակարան, ուր տեղեկացել են՝ հիվանդը գանգատվում է ճնշման բարձրացումից: Ինչպես լինում է սովորաբար, բժիշկը սկսում է անամնեզ հավաքել, չափում է հիվանդի ճնշումը ու բուժքրոջն ասում՝ ինչ դեղեր պետք է պատրաստի վերջինս:
Ու այստեղ իրադարձությունները սկսում են դրամատիկ զարգացում ունենալ:
Ննջասենյակում, ուր պառկած է եղել հիվանդը, ներկա է գտնվել մոտ 60 տարեկան տղամարդ, ով, ըստ բժշկի, եղել է ալկոհոլի ազդեցության տակ, ներարկման պահին մոտեցել ու հիվանդի հետևի կողմից փակել է լույսը: Այստեղից էլ սկսվել է կոնֆլիկտը: Ինչպես հետագայում է պարզվել, տղամարդու անունը Վարդան Պետրոսյան է:
168.am-ի հետ զրույցում հարձակման ենթարկված բժիշկը հաստատեց մեր տեղեկությունը:
«Երբ տղամարդը լույսը փակեց ու ինձ ասաց՝ պետք է տեսնեմ՝ ինչ եք անում, ճիշտ եք անում, թե սխալ, նրանից փորձեցի ճշտել՝ արդյո՞ք բժիշկ է: Ասաց՝ չէ, այ տղա, բայց ձեզնից շատ եմ հասկանում»,- պատմեց Շտապօգնության բժիշկը:
Ըստ նրա՝ հասկանալով, որ անձը ադեկվատ չէ, փորձել է հանգստացնել նրան:
«Ասացի՝ հայրիկ ջան, լույսը փակում եք, մի կողմ գնացեք, կամ եթե ուզում եք նայել, եկեք իմ կողմից նայեք: Ինքը եկավ ու փորձեց բուժքրոջը խանգարել՝ ներարկման ընթացքում տեղավորվելով բուժքրոջ ու հիվանդի արանքում»,- իրավիճակը ներկայացրեց բժիշկը՝ հավելելով, որ կրկին ինքը խնդրել է չխանգարել, ինչից տղամարդն ավելի է բորբոքվել, սկսել անվանարկել բժշկին ու նրանց կատարած աշխատանքն առհասարակ:
«Խնդրեցի, որ կարգի հրավիրի իրեն ու նորմալ խոսի մեզ հետ, ու բուժքրոջն ասացի, որ հավաքի դեղի արկղը, որ հեռանանք՝ հետագա կոնֆլիկտից խուսափելու համար, սակայն տվյալ անձը սկսեց ավելի ագրեսիվ պահվածք ցուցաբերել, հայհոյել ու ձեռքերով անկանոն շարժումներ անել: Եվ երբ հերթական անգամ խնդրեցի, որ իրեն կարգի հրավիրի, մոտեցավ, սկսեց հրել ու հարվածել: Դուրս եկանք տանից, ու զանգահարեցի ոստիկանություն»,- եզրափակեց Լևոն Կարապետյանը:
168.am-ի հետ զրույցում դեպքի առնչությամբ ոստիկանությունից էլ տեղեկացրեցին, որ նախ հունիսի 6-ին՝ ժամը 14:10-ին, ոստիկանություն է զանգահարել Երևանի Մինաս Ավետիսյան փողոցի մի բնակիչ ու հայտնել, որ շտապօգնության աշխատակիցներն իրեն ծեծի են ենթարկել։
«Ժամը 14:20-ին Շտապօգնության կայանի բժշկից ահազանգ է ստացվել, որ Մինաս Ավետիսյան 2-րդ փողոցի շենքերից մեկում իրեն ծեծի են ենթարկել։ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 13:43-ին շտապօգնության խումբը կանչով մեկնել է Մինաս Ավետիսյան 2-րդ փողոցի շենքերից մեկը, փորձել է օգնություն ցույց տալ մի քաղաքացու, սակայն ահազանգող քաղաքացին դիտավորությամբ խոչընդոտել է բժշկի մասնագիտական գործունեությանը, հնչեցրել է հայհոյանքներ, հարվածել է ՝պատճառել ֆիզիկական ցավ։ Բժշկից ընդունվել է հաղորդում։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Նախապատրաստվում են նյութեր»,- ասացին Ոստիկանությունից: