
Ո՞րն է ԳՇ պետին Պապիկյանի ենթակա դարձնելու իրական պատճառը. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ իր ղեկավարած նախարարությունը կառուցվածքային փոփոխությունների է ենթարկվում, ինչը ենթադրում է նաեւ օրենսդրական փոփոխություններ: Արդյունքում Գլխավոր շտաբի պետ է դառնալու Պաշտպանության նախարարի առաջին տեղակալը, այսինքն` ԳՇ պետը սկսելու է ենթարկվել պաշտպանության նախարարին:
Ահա սրանով էլ բացատրվում է այն, որ տեւական ժամանակ արդեն այդպես էլ ԳՇ պետ չի նշանակվում, մինչդեռ Պաշտպանության նախարարության կուլիսներում բոլորովին այլ իրականություն են ներկայացնում:
Խնդիրն այն է, որ օրվա իշխանությունը սարսափում է ռազմական հեղաշրջման հնարավոր սցենարից կամ առնվազն նրանից, որ ինչ-որ փուլում ինչ-որ կերպ գեներալիտետը կրկին կպահանջի Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Հետեւապես, չկա ԳՇ պետ, չկա այդպիսի սցենարի վտանգ: Իսկ ապագայում, երբ ԳՇ պետը կդառնա ընդամենը Պապիկյանի ենթական, ընդհանրապես՝ բոլոր իշխանական մտահոգությունները կփարատվեն»: