Փաշինյանը գնում է Լուկաշենկո դառնալու ճանապարհով. պետք է շատ համոզիչ դնել նրա հեռացման հարցը. Պարույր Հայրիկյան
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոցում ծավալված շարժման վերաբերյալ գնահատականներ հնչեցնելուց առաջ նախ պետք է հիշել, որ ամեն ընդվզում չէ, որ կարող է ավարտվել իշխանափոխությամբ, օրինակ, 40 օրում. պետք է հիշել, որ ես, օրինակ, այս իշխանության դեմ ընդվզում եմ արդեն 4 տարի, ուստի ժամկետները պետք չէ շեշտադրել, իսկ այս պայքարին մենք աջակցել և աջակցում ենք, որովհետև որևէ բանական մարդ չի կարող անմասն մնալ դրանից։
168 TV-ի եթերում, խոսելով ներքաղաքական զարգացումներին մասին, նման տեսակետ հայտնեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ ընդգծելով.
«Ակնհայտ է, որ երբ երկրում վիճակը նախանձելի չէ, այդ դեպքում մեծ սխալը գալիս է իշխանությունից, թեև Նիկոլը դա պայմանավորում է նախկիններով, ինչն էլ, կարելի է ասել, այս պայքարի ծավալման դեպքում ունենում է ինչ-որ չափով կանխարգելող դեր»։
Ըստ Պարույր Հայրիկյանի՝ Նիկոլ Փաշինյանը պարկեշտություն ունենալու դեպքում ինքնակամ կհեռանար, որովհետև աշխարհում ընդունված և ապացուցված մի աքսիոմա կա։
«Պարտված, ջախջախված, ձախողված գործիչն ինքն է հասկանում, որ իր տեղում չէ, պետք է գնա, բայց արի ու տես, որ Փաշինյանին դա հասկանալ թույլ չի տալիս նրա ամբարտավանությունը»,- ասաց Հայրիկյանը՝ ընդգծելով, որ Փաշինյանի իշխանությունը վարում է նաև այնպիսի քաղաքականություն, որն այս պահին ձեռնտու է նաև աշխարհի տարբեր ուժային կենտրոններին, ինչով պայմանավորված էլ՝ ականատես ենք լինում այդ կենտրոնների տարօրինակ լռությանը Հայաստանում կատարվողի նկատմամբ:
Ըստ ԱԻՄ առանջորդի՝ ակնհայտ է, որ մեր ազգային անվտանգության հարցերում Փաշինյանն արձանագրում է տոտալ ձախողում՝ զիջումներ անելով ինչպես Արցախում, այնպես էլ՝ Սյունիքի հարցում։
«Առաջարկ եղավ գնալ Արցախ, չուզեցի, չգնացի. գիտեք՝ ես մազոխիստ չեմ, որ գնամ ու ինձ ցավ պատճառեմ, որովհետև ես հիշում եմ, թե ամեն սարի վրա ո՞ր ընկերս ինչպե՞ս է զոհվել, ինչպես էին մեր ԱԻՄ-ական աղջիկները ճաշ պատրաստում զինվորների համար։ Բայց միայն Արցախը չէ. այս իշխանությունը ցույց է տվել, որ հիմնական ազգային հարցերում ունի բացասական դերակատարում, ուստի պետք է ինքը հեռանա, բայց, բնականաբար, Փաշինյանն անշնորհք է, կողքինները՝ պնակալեզներ, ուստի չի հեռանում, և համընդհանուր ուժերով պետք է կարողանանք բավականին համոզիչ կերպով դնել նրա հեռացման հարցը, որովհետև Փաշինյանը գնում է Լուկաշենկո դառնալու ճանապարհով. նա դառնալու է Լուկաշենկո, ուստի, որքան շուտ գնա, այնքան լավ»,- ասաց ԱԻՄ առաջնորդը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում