
Վրաստանի նախագահը պետական այցով կմեկնի Իտալիա

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երեքշաբթի օրը՝ հունիսի 7-ին, պետական այցով կուղեւորվի Իտալիա: Այդ մասին հաղորդել է պետության ղեկավարի վարչակազմը: Մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն, Վրաստանի նախագահի հանդիպման պաշտոնական արարողությունը կկայանա Հռոմի նշանավոր Կվիրինալյան պալատում` հանրապետության նախագահի երեք պաշտոնական նստավայրերից մեկում:
Այցի շրջանակներում պլանավորված են Սալոմե Զուրաբիշվիլիի հանդիպումները Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի, վարչապետ Մարիո Դրագիի, Սենատի նախագահ Մարիա Էլիզաբեթ Ալբերտի-Կազելատիի, պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյի, Հռոմի քաղաքագլուխ Ռոբերտո Գուալտիերիի հետ:
Իտալացի իր գործընկերների հետ հանդիպումից հետո նախագահները հանդես կգան ԶԼՄ-ների համար համատեղ հայտարարություններով: Վրաստանը եւ Իտալիան դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 1992 թվականի մայիսի 11-ին: Իտալիան առաջին երկրներից մեկն է, որը ճանաչել է Վրաստանի անկախությունը, հաղորդել է Sputnik-ը: