«Տեղյակ չեմ ընդդիմության պահանջից, մինչև հիմա չեմ հասկացել՝ ինչո՞ւմն է պահանջը». Անահիտ Ավանեսյան
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրուցում ասաց, որ Երևանում բողոքի ակցիաների ընթացքում վնասվածքներ ստացած քաղաքացիների մեջ եղել են ստացիոնար բուժման կարիք ունեցող մի քանի քաղաքացիներ։ Նրանք ստացել են անհրաժեշտ բժշկական օգնություն և հիվանդանոցից դուրս են գրվել։
«Ունենք մեկ քաղաքացի, ով վիրահատվել է, նրա առողջական վիճակն այս պահին բավարար է, հույս ունենք՝ մոտակա օրերին նա նույնպես դուրս կգրվի»,- նշեց Անահիտ Ավանեսյանը։
Ըստ Անահիտ Ավանեսյանի, քաղաքացիները և հիմնականում ոստիկանները՝ տուժել են հարվածի, հրմշտոցի հետևանքով։
«Եղել են մի քանի պատռվածքներ, ընթացքը ցույց կտա, թե դա ինչից է եղել և ինչպես է եղել, դա մեր լիազորությունների շրջանակներում չէ։ Բայց ասեմ՝ դրանք հիմնականում եղել են հարվածների արդյունքում»,- հավելեց Անահիտ Ավանեսյանը։
Անդրադառնալով ոստիկանության գործողություններին, նախարարն ընդգծեց, որ ոստիկանությունը և առհասարակ բոլոր ուժերը գործում են խիստ ժողովրդավարական սկզբունքների, օրենքի տառին համապատասխան։
«Իսկապես զարմանում ես մեր ոստիկանության պինդ նյարդերի վրա, նրանք իսկապես փայլուն ծառայություն են իրականացնում»,- շեշտեց նա։
Երբ լրագրողը նախարարին հիշեցրեց կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ տեղի ունեցած միջադեպը, երբ ոստիկանը քաղաքացուն բռնում ու հարվածում է գետնին, Անահիտ Ավանեսյանը նկատեց՝ այո, ոստիկանության գործողությունները խիստ ժողովրդավարական է գնահատում։
«Ճիշտն ասած, ինձ համար անհասկանալի է Կառավարության շենքի առջև մուտք գործելու այդ մղումները և ոչ օրինաչափ գործողությունները։ Այո, մենք օրենքի գերակայության սկզբունքին պետք է հետևենք։ Ցանկացած անձ, որը գործում է ոչ իրավաչափ, պետք է պատրաստ լինի, որ նրա նկատմամբ համաչափ պատասխանատվության միջոցներ պետք է կիրառվեն։
Ինձ համար շատ տարակուսելի է, որ մեր ընդդիմադիրները չեն օգտագործում իրենց հարթակը, որի համար նաև լիազորված են, չեն գալիս ու հարցեր չեն տալիս ԱԺ-ում։ Կարծում եմ՝ սա ճիշտ չէ։
Ես տեղյակ չեմ ընդդիմության պահանջից, մինչև հիմա չեմ հասկացել՝ ինչո՞ւմն է պահանջը, որևէ հոդաբաշխ բան չեմ լսել, երբ լսեմ, հարմար համարեմ՝ կպատասխանեմ»,- նշեց Ա. Ավանեսյանը։
Նա լրագրողներին նաև հորդորեց նայել 2018 թվականի Հանրային ռադիո շենք մուտք գործելու կադրերը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, և Կառավարություն 3-րդ մասնաշենք մտնելու՝ ընդդիմության փորձերի կադրերը։
Ըստ նրա, նայելու դեպքում կտեսնեն տարբերությունը։
Անձամբ այդ տարբերության մասին նախարարը ոչինչ չասաց։
Ինչ վերաբերում է պետպատվերի շրջանակներում բուժօգնություն ստացող քաղաքացիների թվին, Անահիտ Ավանեսյանն ասաց, որ չի կարող ասել, թե 460 բժշկական կենտրոններում քանի՞ քաղաքացի է պետպատվերի շրջանակներում գրանցված և սպասում իր հերթին։
«Մենք ունենք դեպքերի կանխատեսում և ըստ մեր կանխատեսումների՝ 5,2 միլիարդը կբերի նրան, որ հերթերն ուղղակի կլինեն ընթացիկ, և հավելյալ միջոցների պարագայում կառավարությունը կհատկացնի լրացուցիչ միջոցներ»,- եզրափակեց Անահիտ Ավանեսյանը։