ԵՄ դեսպանը չի խոսում, որ խաղաղ ցուցարարների նկատմամբ նռնակ է օգտագործվում. Արամ Վարդևանյան
Այսօր առավոտյան բազմաթիվ քաղաքացիների մասնակցությամբ ընդդիմությունը Ֆրանսիայի հրապարակից քայլելով բողոքի երթ իրականացրեց դեպի ՀՀ-ում Եվրամիության գրասենյակ։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ԵՄ գրասենյակի մոտ ներկայացրեց «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների հայտարարությունը՝ ուղղված ԵՄ դեսպանին։
«Հունիսի 3-ին հենց այս հատվածում ժողովրդի վրա կիրառվեց լուսաձայնային նռնակ, պատկերացնում եք, չէ՞, թե այն ինչքան մոտ էր ԵՄ դեսպանատանը։ Կարծում եմ՝ սա այս իշխանության հերթական ամոթալի էջերից մեկն է։ Ի վերջո, ամբողջ աշխարհում հայ ազգը հայտնի է իր հյուրընկալ տեսակով, բայց ստացվում է՝ ԵՄ դեսպանատան դիմաց ոստիկանությունը նռնակ է օգտագործում, մեզ համար դա ամոթ է։ Զարմանալին այն է, որ ԵՄ դեսպանատունը դրա մասին չի խոսում, չի խոսում տասնյակ-հարյուրավոր քաղաքացիների մասին, որոնք վիրավորում են ստացել, չի խոսում խաղաղ ակցիաների ժամանակ նռնակ օգտագործելուց»,- նշեց Արամ Վարդևանյանը։
Ներկայացնելով երկու ընդդիմադիր խմբակցությունների հայտարարության տեքստը, Արամ Վարդևանյանն ընդգծեց, որ խորհրդարանական ընդդիմությունն արձանագրում է, որ հունիսի 3-ին Պռոշյան-Դեմիրճյան փողոցների հատման հատվածում, խաղաղ հավաքների մասնակիցների նկատմամբ ոստիկանական ուժերի կողմից կիրառվել է ապօրինի և անհամաչափ ուժ և հատուկ միջոցներ՝ լուսաձայնային նռնակներ։
«Ինքս լինելով իրավաբան, մշտապես առանձնահատուկ կերպով կարևորելով եմ մարդու իրավունքները, ի վերջո, մարդու իրավունքների վերաբերյալ ամենահայտնի փաստաթուղթն ընդունվել է 1950 թվականին` Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիան է։
Ես իսկապես հավատացել եմ այդ կոնվենցիայի իրական լինելուն։ Ես հավատացել եմ, որ ԵՄ-ն դրան պետք է հավատա ևս։ Բայց երբ այդ կոնվենցիան հունիսի 3-ին խախտվում է, և ԵՄ դեսպանատունը լուռ է մնում՝ սա չեմ ընկալում»,- շեշտեց Արամ Վարդևանյանը:
Նշենք, որ խորհրդարանական ընդդիմության հայտարարության տեքստը փոխանցվեց ԵՄ դեսպանին։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում