Բաժիններ՝

«Ապօրինի որդեգրումների» վերաբերյալ քրեական գործը 11 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

Հայաստանի գլխավոր դատախազությունը հայտնում է, որ «ապօրինի որդեգրումների» վերաբերյալ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 11 անձի. գործն ուղարկվել է դատարան:

Գլխավորչ դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ դատախազական վերահսկողության ներքո քննչական կոմիտեում քննված քրեական գործով ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ իտալական 3 ընկերությունների հայաստանյան ներկայացուցիչը 2005թ. սկսած, օտարերկրյա քաղաքացիների խնամքին հանձնելու նպատակով ՀՀ քաղաքացի հանդիսացող՝ առանց ծնողական խնամքի մնացած և ՀՀ տարածքում գործող մանկատներում գտնվող երեխաների վաճառքն իրականացնելու համար, ստեղծել և ղեկավարել է կազմակերպված խումբ:

«Վերջինիս կազմում ընդգրկվել են ՀՀ ծննդօգնության բնագավառում գործունեություն իրականացնող հիմնարկի աշխատակիցներ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի «Մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրենը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետը, ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետը, նույն գործակալության ապոստիլի և միջազգային պայմանագրերի բաժնի պետը, ինչպես նաև հիշյալ ընկերությունների ներկայացուցչի մտերիմ, թարգմանչական ծառայություններ մատուցող անձը: Կազմակերպված խմբի նպատակին հասնելու համար նրանք օգտվել են ինչպես իրենց, այնպես էլ ՀՀ պետական մարմինների իրավասու պաշտոնատար աշխատակիցների ընձեռած հնարավորություններից»,- ասված է հաղորդագրության մեջ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ կազմակերպված խմբի ղեկավարումը ստանձնել է օտարերկրյա որդեգրումների բնագավառում ՀՀ-ում գործունեություն ծավալող, Իտալիայի Հանրապետությունում հավատարմագրված վերոնշյալ 3 կազմակերպությունների ներկայացուցիչը, ով մշակել է կազմակերպված խմբի գործունեության ծրագիրը, անդամների միջև կատարել դերաբաշխում, իրականացրել ֆինանսական հոսքերի նկատմամբ հսկողության գործառույթ

Բացի այդ, վերջինս առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցներն օրինականացնելու՝ դրա հանցավոր ծագումն ու տեղաշարժը թաքցնելու նպատակով, որպես փոխառություն է հանձնել իր հետ փոխկապակցված ՍՊ ընկերություններին, իսկ գումարի մի մասի հանցավոր ծագումն ու տեղաշարժը թաքցնելու նպատակով այն ձևակերպել է որպես համապատասխան ՍՊ ընկերությանը՝ որդեգրումների գործընթացի բնագավառում գործունեություն ծավալող, իր մտերիմներից մեկի կողմից տրամադրված փոխառություն:

«Քրեական գործով նախաքննության ընթացքում հիշյալ անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրենին, փոխտնօրենին, նույն ընկերության ցերեկային ստացիոնարի վարիչին, «Երևանի «Մանկան տուն»» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենին, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի նախկին պետին, ինչպես նաև կազմակերպությունների ներկայացուցչի մտերիմներից մեկին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Բացի այդ, ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության նախկին պետին, ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության միջազգային պայմանագրերի և ապոստիլի բաժնի պետին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության երեխաների հիմնահարցերի բաժնի պետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ նույն նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության երեխաների հիմնահարցերի բաժնի գլխավոր մասնագետին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով:

Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, և 2022թ. հունիսի 6-ին 11 անձի վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ այն ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս