Տոկիոն հավանական է համարում ԿԺԴՀ-ում նոր միջուկային փորձարկումը
Ճապոնիայի կառավարությունը հավանական է համարում մոտ ժամանակներս նոր միջուկային փորձարկման անցկացումը ԿԺԴՀ-ում: Հունիսի 7-ին Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն։
«Հյուսիսային Կորեայի կողմից այդ կարգի սադրանքային գործողությունների հնարավորություն կա»,- պատասխանել է նա Փենյանի կողմից միջուկային փորձարկման նախապատրաստման նշանների առկայության մասին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հաղորդագրությունը մեկնաբանելու խնդրանքին:
Տոկիոն, գլխավոր քարտուղարի խոսքով, այժմ զբաղված է համապատասխան տեղեկատվության հավաքմամբ եւ վերլուծությամբ, ուժեղացնում է հսկողությունը ԿԺԴՀ-ի նկատմամբ: Հունիսի 6-ին ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտնել է, որ ԿԺԴՀ-ն հնարավոր է պատրաստվում է միջուկային փորձարկման Փունգերիի զինափորձարանում:
Նրա խոսքով՝ այնտեղ բացված է գետնանցքերից մեկը. գուցե, որպես պայթյունի նախապատրաստում:
Ինչպես հայտարարել է Գրոսսին, միջուկային փորձարկման անցկացումը կհակասի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերին եւ լուրջ մտահոգություն կհարուցի:
ԿԺԴՀ-ն մինչեւ հիմա կատարել է վեց միջուկային փորձարկումներ, վերջինն իրականացվել է 2017 թվականի սեպտեմբերին: Այժմ Սեուլում գտնվող՝ ԱՄՆ-ի պետքատուղարի առաջին տեղակալ Ուենդի Շերմանը հունիսի 7-ին հայտարարել է, որ ԿԺԴՀ-ն միջուկային փորձարկում կատարելու դեպքում վճռական պատասխան կստանա Միացյալ Նահանգների եւ Հարավային Կորեայի կողմից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: