Մեկնարկում է Կարեն Ասրյանի հուշամրցաշարը
Մեկնարկում է Համաշխարհային Օլիմպիադայի հաղթող գրոսմայստեր Կարեն Ասրյանի անվան միջազգային հուշամրցաշարը:
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մեկնարկած մրցաշարին այս տարի մասնակցում են 8 երկրների (Հայաստան, Բրազիլիա, Հնդկաստան, Իրան, Ղազախստան, Ֆիլիպիններ և ՖԻԴԵ-ի դրոշի տակ հանդես եկող ռուս շախմատիստներ) 98 մասնակից, որոնցից՝ 9-ը գրոսմայստեր։ 13-րդ հուշամրցաշարի մասնակիցներից ամենաբարձր վարկանիշն ունի Հայաստանի շախմատի հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը: Հուշամրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 9 տուրից:
Կարեն Ասրյանը ծնվել է 1980 թվականի ապրիլի 24-ին։ Առաջին կարգային դարձել է 6 տարեկանում, ինչը շախմատային աշխարհում համարվում է բացառիկ ցուցանիշ։ Նա աշխարհի պատանեկան առաջնությունների արծաթե և կրկնակի բրոնզե մեդալակիր էր։ Երեք անգամ (1999, 2007, 2008) նվաճել է Հայաստանի չեմպիոնի կոչումը։ Հաղթել է Դուբայի «Շեյխի գավաթը» (2001), «Տիգրան Պետրոսյանի» (1996, 1997, 2004) անվան և այլ միջազգային մրցաշարերում։ Ասրյանը համաշխարհային օլիմպիադաների (2002, 2004) և աշխարհի թիմային առաջնությունների (2001, 2005) բրոնզե մեդալակիր էր, Եվրոպայի թիմային առաջնության (2007) արծաթե մեդալակիր։2008 թ․ հունիսի 9-ին Կարեն Ասրյանը հանկարծամահ եղավ ուղեղի կաթվածից։ Նա կյանքից հեռացավ որպես համաշխարհային օլիմպիադայի և Հայաստանի գործող չեմպիոն։