Բաժիններ՝

ԱՄՆ-ում հարցման մասնակիցների 52 տոկոսը հավանություն չի տալիս ՌԴ-ի և Ուկրաինայի շուրջ Բայդենի գործողություններին

Շատ ամերիկացիներ են դժգոհ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի գործողություններից, որոնք վերաբերում են Ռուսաստանին եւ Ուկրաինային, ինչպես նաեւ այն միջոցներից, որոնք նա ձեռնարկում է տնտեսության ոլորտում:

Այդ մասին են վկայում սոցիոլոգիական հարցման՝ հունիսի 5-ին հրապարակված արդյունքները, որը կատարել են Ipsos ծառայությունը եւ ABC հեռուստաընկերությունը։ Հետազոտության մասնակիցներին տրվել է հարց այն մասին, թե իրենք ինչպես են վերաբերվում «Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ կապված իրադրության շուրջ» Միացյալ Նահանգների ղեկավարի գործողություններին»: Հարցվածների 46 տոկոսը հայտարարել է, որ հավանություն է տալիս Բայդենի ընտրած ուղեգծին, 52 տոկոսը հակառակ կարծիքն է հայտնել: «Տնտեսական վերականգնման» ոլորտում Բայդենի քաղաքականությունը դրականորեն է գնահատել հարցման մասնակիցների 37 տոկոսը, բացասականորեն՝ 61 տոկոսը:

Գնաճը նվազեցնելու ուղղությամբ ԱՄՆ-ի ղեկավարի ջանքերին դրական գնահատական է տվել հարցվածների 28 տոկոսը, բացասական՝ 71 տոկոսը: Հետազոտության սոսկ 27 տոկոսն է գոհ ԱՄՆ-ի վարչակազմի ղեկավարի այն միջոցներից, որոնք նպատակաուղղված են բենզինի գների իջեցմանը, հակառակ կարծիքին է 72 տոկոսը: Հարցման մասնակիցներին նաեւ տրվել է հարց այն մասին, թե իրենց համար որ թեման կխաղա քվերակության տեսակետից ամենամեծ դերն ԱՄՆ-ի Կոնգրեսի՝ նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրություններում: Նրանց 21 տոկոսի համար առավել կարեւոր հարցը կլինի գնաճը:

Այնուհետեւ հետեւում են տնտեսությունը (19 տոկոս), հրաձգության հետ կապված միջադեպերը հասարակական վայրերում (17 տոկոս), աբորտին վերաբերող օրենքները (12 տոկոս), բենզինի արժեքը (8 տոկոս) եւ այլ թեմաներ: Հարցվածների սոսկ 1 տոկոսն է հայտարարել, որ իր համար առավել նշանակություն կունենա «Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ կապված իրադրությունը»: Ipsos-ի եւ ABC-ի հարցումը կատարվել է հունիսի 3-ից մինչեւ 4-ն ընկած ժամանակահատվածում ամբողջ երկրում մոտավորապես 540 չափահաս ամերիկացիների շրջանում: Հարցերը նրանց տրվել են ինտերնետով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս