Ամերիկացի երիտասարդը կոկաին էր տեղափոխում հաշմանդամի էլեկտրասայլակի բարձիկների մեջ
ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինայի Շառլոտ քաղաքում մի տղամարդու են ձերբակալել այն բանից հետո, երբ օդանավակայանում ավելի քան 10 կիլոգրամ կոկաին են հայտնաբերել նրա հաշմանդամի էլեկտրասայլակի նստատեղերի բարձիկների մեջ:
Այդ մասին հաղորդել է Associated Press-ը: ԱՄՆ-ի մաքսատան եւ սահմանապահ ծառայության աշխատակիցները թմրանյութ տարածողին հանդիպել են, երբ նա Դոմինիկյան Հանրապետությունից ժամանել է Շառլոտի «Դուգլաս» օդանավակայան: «Նրա պատասխանները չեն համընկել: Նրա ենթադրյալ ֆիզիկական արատը չի համապատասխանել իրականությանը: Դա հստակ ազդակ էր, որ ինչ-որ կասկածելի բան է տեղի ունենում»,-ասել է Մայք Փրադոն՝ Ազգային անվտանգության հետաքննությունների հատուկ գործակալի տեղակալը:
Նստատեղերի բարձիկների մեջ հայտնաբերել են կոկաինի չորս փաթեթ: Դրանց մոտավոր արժեքը 378 հազար դոլար է: 22-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել կոկաինի անօրինական շրջանառության մեջ: Պաշտոնատար անձինք հավաստում են, որ նա ԱՄՆ-ի օրինական մշտական բնակիչ էր, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: