Միջազգային մակարդակում հանդես գալ միասնական դիրքորոշմամբ. Վոլոդինը՝ Երևանում

«Արևմուտքի ճնշումը ՀԱՊԿ անդամ երկրների նկատմամբ ավելանալու է»,- այս մասին այսօր Երևանում ընթացող ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստի իր ելույթում հայտարարել է ՀԱՊԿ ԽՎ նախագահ, Ռուսաստանի պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, անդրադառնալով ՀԱՊԿ գոտում տիրող իրավիճակին, ինչպես նաև ՌԴ-Արևմուտք լարված հարաբերությունների կոնտեքստում մի շարք ակտուալ հարցերի:

Նա նկատել է, որ արևմտյան երկրներին դուր չի գալիս Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների անկախ քաղաքականությունը, ուստի նրանց կողմից ճնշումը մեծանալու է ՀԱՊԿ-ի նկատմամբ։

«ՀԱՊԿ անդամ երկրները վարում են ինքնիշխան պետությունների քաղաքականություն՝ ելնելով իրենց քաղաքացիների շահերից։ Սա դուր չի գալիս նրանց, ովքեր պաշտպանում են աշխարհի միաբևեռ մոդելը, որը հնացել է։ Այդ իսկ պատճառով Վաշինգտոնի և Բրյուսելի ճնշումը կավելանա»,- ասել է նա:

Նրա որակմամբ՝ անօրինական պատժամիջոցները, արտաքին միջամտությունը ներքին գործերին, հատկապես ընտրությունների և հանրաքվեների ժամանակ այն մարտահրավերներն են, որոնց ՀԱՊԿ երկրներն արդեն բախվել են։ Այս առումով նա ընդգծել է կազմակերպության անդամ երկրներում ժողովրդավարական ընտրություններն օտարերկրյա միջամտությունից պաշտպանելու իրավական չափորոշիչ մշակելու որոշման անհրաժեշտությունը:

Վոլոդինն անդրադարձել է նաև կենսաբանական անվտանգության թեմային, առաջարկելով խորհրդարանական հարթության շրջանակներում աշնանը կայանալիք ՀԱՊԿ ԽՎ նիստում լսել Ուկրաինայի տարածքում ամերիկացի մասնագետների կողմից կենսաբանական լաբորատորիաների ստեղծման հետ կապված հանգամանքները հետաքննող խորհրդարանական հանձնաժողովի զեկույցը։

Դումայի նախագահի խոսքով՝ Ուկրաինայում ռազմական կենսաբանական ծրագրի իրականացումը ԱՄՆ-ի և Ուկրաինայի կողմից կենսաբանական և թունավոր զենքերի արգելման մասին կոնվենցիայի խախտումների վերաբերյալ պետք է միջազգային հետաքննության առարկա դառնա:

«Կենսաբանական սպառնալիքներին արդյունավետ հակազդելու համար անհրաժեշտ է համակարգել մեր աշխատանքը միջկառավարական համաձայնագրերի հիման վրա»,- ընդգծել է նա։

Վոլոդինը համոզմունք է հայտնել, որ այսօր կարող ենք հույս դնել բարեկամական հարաբերությունների վրա, որոնք ստուգված են ժամանակով, ուստի կարևոր է միջազգային մակարդակում հանդես գալ միասնական դիրքորոշմամբ։

Տեսանյութեր

Լրահոս