Օլիմպիադաների եզրափակիչ փուլերի մրցանակակիրները կստանան անվանական կրթաթոշակ
2022 թվականի մայիսի 9-16-ը Ուզբեկստանի Հանրապետությունում կայացած «Քիմիա» առարկայի 56-րդ Մենդելեևյան միջազգային օլիմպիադայի և մայիսի 13-15-ը տեղի ունեցած «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դպրոցականների հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլերի մրցանակակիրները կստանան անվանական կրթաթոշակ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով՝ հաստատվել է վերոնշյալ օլիմպիադաներում հաղթած և անվանական կրթաթոշակի արժանացած սովորողների կազմը:
Ըստ այդմ՝ անվանական կրթաթոշակ կստանան «Քիմիա» առարկայի Մենդելեևյան միջազգային օլիմպիադայում արծաթե մեդալի արժանացած՝ «Քվանտ» վարժարանի 11-րդ դասարանի աշակերտ Լեոնիդ Ասատրյանը և բրոնզե մեդալ նվաճած՝ ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի 12-րդ դասարանի սան Հայկ Աղեկյանը:
«Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դպրոցականների հանրապետական օլիմպիադայի առաջին, երկրորդ և երրորդ կարգի դիպլոմների է արժանացել 21 մասնակից:
Նշենք, որ կրթաթոշակները տրամադրվում են՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2019 թվականի սեպտեմբերի 3-ի 605-Ա/2 հրամանով հաստատված «Հանրակրթական ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակի տրամադրման» կարգի: Ըստ այդմ՝ եթե սովորողը միաժամանակ երկու կամ երեք հիմքով է ընդգրկվում կրթաթոշակ ստացողների ցանկում, ապա նա կարող է ստանալ դրանց հանրագումարի չափով կրթաթոշակ: Անվանական կրթաթոշակը սովորողներին տրվում է հաստատությունների միջոցով՝ մեկ տարվա հաշվարկով, իսկ ուսումնառությունը տվյալ հաստատությունում դադարելու դեպքում մեկ տարվա համար նախատեսված կրթաթոշակի չվճարված մասը սովորողին վճարվում է միանվագ: Սովորողներին խրախուսելու նպատակով սահմանված անվանական կրթաթոշակի նոր կարգը գործում է 2020 թ. հունվարի 1-ից:
Առարկայական օլիմպիադայի հաղթողների համար սահմանված են հետևյալ կրթաթոշակները.
1․ Միջազգային առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի մասնակիցներ՝
- առաջին կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 25.000 դրամ,
● երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 20.000 դրամ,
● երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 15.000 դրամ,
● եզրափակիչ փուլերի այլ մասնակիցներին՝ ամսական 10.000 դրամ։
2․ Միջազգային դպրոցական այլ օլիմպիադաների (Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադա, Մենդելեևյան միջազգային օլիմպիադա և այլն) եզրափակիչ փուլերի մասնակիցներ՝
- առաջին կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 15.000 դրամ,
● երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 10.000 դրամ,
● երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 7.500 դրամ։
3․ ՀՀ առարկայական հանրապետական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի հաղթողներ (դիպլոմակիրներ)՝
- առաջին կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 10.000 դրամ,
● երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 7.500 դրամ,
● երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 5.000 դրամ։
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ