
ԱՄՆ-ը որոշել է Ամերիկաների գագաթնաժողովին չհրավիրել Վենեսուելայի, Կուբայի և Նիկարագուայի իշխանություններին

ԱՄՆ-ի վարչակազմը «վերջնական որոշում է ընդունել» հունիսի 6-ին Լոս Անջելեսում (Կալիֆոռնիայի նահանգ) բացվող Ամերիկաների գագաթնաժողովին չհրավիրել Վենեսուելայի, Կուբայի եւ Նիկարագուայի իշխանությունների ներկայացուցիչներին: Հունսի 5-ին այդ մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը:
Գործակալության աղբյուրների խոսքով՝ ամերիկացի պաշտոնատար անձինք սույն հարցը մի քանի շաբաթվա ընթացքում քննարկել են գագաթնաժողովի մյուս պետությունների ներկայացուցիչների հետ: Ամերիկյան կողմը կանգ է առել այս տարբերակի վրա, չնայած այն բանին, որ իրադարձությունների զարգացման լույսով գագաթնաժողով այցելելուց կարող է հրաժարվել Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը, ինչպես նաեւ մի շարք այլ ղեկավարներ:
Ամերիկաների գագաթնաժողովն Արեւմտյան կիսագնդի երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարների հանդիպումներ են, որոնք տեղի են ունենում մի քանի տարին մեկ անգամ՝ Ամերիկյան պետությունների կազմակերպության հովանու ներքո, որը միավորում է ավելի քան 30 մասնակիցների: Ապրիլի վերջին Արեւմտյան կիսագնդի գործերով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Բրայան Նիկոլսը լրագրողներին հայտարարել էր, որ Վենեսուելայի, Կուբայի եւ Նիկարագուայի կառավարությունների ներկայացուցիչներն, ամենայն հավանականությամբ, չեն հրավիրվի հանդիպմանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: