Բաժիններ՝

Ռուսաստանում միլիոնանոց քաղաքների թիվը 12-ից հասել է 16-ի

Ավելի քան 1 միլիոն բնակչություն ունեցող քաղաքների թիվը, ըստ Բնակչության համառուսաստանյան մարդահամարի (անցկացվել է 2021 թվականի աշնանը) տվյալների, 12-ից 16-ի է հասել 2010 թվականի մարդահամարի տվյալների եւ 13-ի 2002 թվականի մարդահամարի տվյալների համեմատությամբ: Այդ մասին ասվում է «Ռոսստատի»-ի հաղորդագրության մեջ:

Նոր միլիոնանոց քաղաքներ են դարձել Վորոնեժը, Կրասնոդարը, Կրասնոյարսկը եւ Պերմը (Պերմը միլիոնանոց քաղաք է եղել 2002 թվականին, բայց 2010 թվականին կորցրել է այդ կարգավիճակը): Միլիոնանոց քաղաքներ են մնացել Մոսկվան, Սանկտ պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը, Կազանը, Նիժնի Նովգորովը, Չելյաբինսկը, Սամարան, Ուֆան, Դոնի Ռոստովը, Օմսկը եւ Վոլգոգրադը:

«Միլիոնանոց քաղաքներում միագումար ապրում է երկրի ողջ բնակչության գրեթե մեկ քառորդը՝ 35,7 միլիոն մարդ»,- նշում են «Ռոսստատ»-ում:

ՌԴ-ում բնակչությամբ առաջատարներ են Մոսկվան (13 010 000 մարդ՝ 2010 թվականի մարդահամարի 11 514 000-ի դիմաց) եւ Սանկտ Պետերբուրգը (5 602 000 մարդ՝ 2010 թվականի մարդահամարի 4 848 000-ի դիմաց): Մարդահամարի նախնական տվյալներով՝ 2021 թվականի հոկտեմբերին ՌԴ-ի բնակչությունը կազմել է 147,2 միլիոն մարդ, 2010 թվականի մարդահամարի համեմատությամբ ավելացել է 2,05 միլիոնով (+1,4 տոկոս):

«Ռոսստատ»-ում նշում են, որ բնակչության թվաքանակի աճը տեղի է ունեցել միգրացիոն աճի հաշվին՝ բնակչության բնական կորստի ֆոնին (մահացածների թվի գերազանցումը ծնվածների թվի նկատմամբ)՝ գործնականում ողջ միջմարդահամարային ժամանակաշրջանի ընթացքում:

2010 թվականի մարդահամարի համեմատությամբ բնակչության թվաքանակն ավելացել էՌուսաստանի Դաշնության 28 սուբյեկտներում, մյուս տարածաշրջաններում նվազել է:

«Եվս մեկ եզրակացություն, որը կարելի է անել մարդահամարի նախնական տվյալների հիման վրա. Ռուսաստանում շարունակվել է ուրբանիզացման գործընթացը. բնակչության 75 տոկոսն ապրում է քաղաքային բնակավայրերում, 25 տոկոսը՝ գյուղական: 2010 թվականին քաղաքային եւ գյուղական բնակչության հարաբերակցությունը կազմում էր 74 եւ 26 տոկոս՝ համապատասխանաբար»,- նշում են «Ռոսստատ»-ում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս