
Տոկաևն ու Նազարբաևը քվեարկել են Ղազախստանում կայացող հանրաքվեում

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը և պետության գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը քվեարկել են Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեում:
Նազարբաևի մամուլի քարտուղար Այդոս Ուկիբայը Twitter-ում հրապարակել է նախկին նախագահի լուսանկարը ‘ քվեատուփի մոտ:
«Նուրսուլթան Նազարբաևը քվեարկել է Ղազախստանի Հանրապետության Սահմանադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցով համահանրապետական հանրաքվեին»,- գրել է նա:
Տոկաևը ընտրություն է կատարել Նուր Սուլթանում ՝ թիվ 59 ընտրատեղամասում, որը տեղակայված է Դպրոցականների նոր պալատում։
Հանրաքվեն կոչված է ամրապնդելու Ղազախստանի վերջնական անցումը կառավարման գերնախագահականից նախագահական համակարգին՝ քաղաքական բարեփոխումների ծրագրի շրջանակներում, որն առաջարկել է Տոկաևը: Մասնավորապես, նախատեսվում է կրճատել նախագահի մասնակցությունը խորհրդարանի վերին պալատի ձևավորմանը, սահմանափակել նրա ազդեցությունը տեղական ներկայացուցչական և գործադիր մարմինների վրա, արգելել նրա անդամակցությունը քաղաքական կուսակցություններին նախագահության ժամանակաշրջանում:
Բացի այդ, Սահմանադրությունից հանվում են առաջին նախագահի կարգավիճակի, լիազորությունների և արտոնությունների մասին հիշատակումները։ Վերջերս տված հարցազրույցում Նազարբաևը նշել էր, որ միշտ աջակցել է երկրի բարեփոխման ուղղությամբ Տոկաևի գործողություններին, և վստահեցրել, որ այս անգամ ևս կաջակցի:
Քվեարկությունը սկսվել է տեղական ժամանակով ժամը 7: 00-ին և կտևի մինչև 20:00-ն (Երևանի ժամանակով ժամը 5:00-ից մինչև 18:00-ն): Հանրաքվեն կհամարվի կայացած, եթե դրան մասնակցի ընտրողների կեսից ավելին։ Փոփոխություններն ընդունելու համար անհրաժեշտ է, որ դրանց աջակցեն մարզերի, հանրապետական նշանակության քաղաքների և մայրաքաղաքի առնվազն երկու երրորդում քվեարկածների ավելի քան 50 տոկոսը: