«Փաշինյանը չունի լեգիտիմություն. պետք է միջազգային հանրությանը դա բացատրել». Ռոբերտ Մարգարյան

Քաղաքագետ, իրավաբան Ռոբերտ Մարգարյանն ԱՄՆ-ից եկել է Հայաստան՝ մասնակցելու ընդդիմադիր շարժմանը:

«Սփյուռքում ապրող յուրաքանչյուր անհատ պարտականություն ունի կատարելու իր հայրենիքի նկատմամբ: Այս օրերին հայրենիքում լինելը, գոնե մեկ հոգով հանրահավաքի մասնակիցների թիվը մեծացնելը յուրաքանչյուր հայի պարտականությունն է»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով, որ շարժման տարբեր փուլերին Սփյուռքից մեր հայրենակիցները եկել և միացել են շարժմանը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում վերջին շրջանում կազմակերպված հանրահավաքները ևս մարդաշատ են լինում. «Սփյուռքում ժողովուրդը գիտակցում է՝ ինչ է կատարվում Հայաստանում, և փորձում է մասնակից դառնալ այս շարժմանը: Նաև, եթե 2018թ. սխալ են թույլ տվել՝ պաշտպանելով այսօրվա գործող իշխանություններին, հիմա գիտակցելով, որ սխալ է եղել, փորձում են սրբագրել: ԱՄՆ-ում էլ մեր շարքերում կան մարդիկ, ովքեր 2018թ. Գլենդելի քաղաքապետարանի առաջ պարում էին, բայց շատ շուտ գիտակցեցին իրենց սխալը, և ողջունելի է, որ այսօր ակտիվորեն փորձում են շտկել իրենց սխալը՝ մասնակցելով հավաքներին: Կա նաև չկողմնորոշված խավ, կա խավ, որը պաշտպանում է այսօրվա իշխանություններին: Իշխանություններին սատարողները փոքրաթիվ են, ինչպես Հայաստանում»:

Քաղաքագետը չի կարծում, թե խելացի մարդը կհավատա Նիկոլ Փաշինյանի առաջարկած ձևաչափով խաղաղության դարաշրջան բացելուն. «Յուրաքանչյուր գիտակից մարդ կարող է հասկանալ, որ դու հավասար պայմաններում կարող ես խաղաղության հասնել, ինչ-որ մենք մոտավորապես ունեցել ենք մինչև պատերազմական շրջանը: Բայց երբ դու պարտություն ես կրել, հոգեբանորեն պարտված վիճակում ես, թշնամին քո տարածքում է գտնվում, ամբողջ սակարկության լծակները գտնվում են թշնամու ձեռքում, դու ոչ մի բան չունես՝ բանակցության սեղանին նստելու, սակարկելու համար, այդ վիճակով նստել և խոսել խաղաղության դարաշրջանի մասին, առնվազն ծիծաղելի է թվում: Գիտակից մարդը դա պետք է հասկանա, և հասկանում են՝ ինչ է կատարվում»:

Ռոբերտ Մարգարյանի դիտարկմամբ՝ ընդդիմադիր շարժման ձեռքբերումները մեծ են եղել. «Այն, ինչ հայտարարվեց նաև Իշխան Սաղաթելյանի կողմից, ճիշտ էր, այսինքն՝ հենց այս գործընթացը դանդաղեցնելը մեծ ձեռքբերում է եղել, շատ արագ տեմպերով կգնար այս հաշտեցման համաձայնագրի ստորագրումը, սահմանագծումն ու սահմանազատումը, զիջումները, որ պետք է կատարվեին, ավելի արագ տեմպերով առաջ կգնային: Այս շարժումը կարողացել է գոնե ինչ-որ կերպով կասեցնել և խանգարել դրան: Եթե համեմատենք նախորդ տարվա հենց այս ժամանակաշրջանի հետ, եթե հիշում եք, ընտրություններից առաջ մի շրջան Նիկոլ Փաշինյանը շատ հանգիստ դուրս էր գալիս փողոց, քայլում էր, բայց հիմա էլի 3-4 շերտ ոստիկանության հետևում է թաքնվում: Սրանք բոլորը հենց ընդդիմության շարժման արդյունքն է, այսինքն՝ վերականգնվել է այն վիճակը, ինչն արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ էր: Այսինքն՝ այդ ոչ լեգիտիմության հարցը, որը գոյություն ուներ մինչև հունիսի 20-ի ընտրությունները, մոտավորապես նույն իրավիճակում կանգնած ենք հենց այս շարժման արդյունքում: Եթե իշխանությունները շարունակում են մնալ իշխանության ղեկին, բնական է, որ այն արդյունքը, որ մենք սպասում էինք, չի եղել, բայց ուղղությունը ճիշտ է գնում: Որոշ փուլերում պարտավոր ենք մարտավարությունը փոխել, վերջին հաշվով՝ չի կարելի ամիսներով մնալ փողոցում, ամեն օր գնալ մի տեղ ցույց անել»:

Նա շեշտեց՝ ընդդիմությունը պետք է մամուլի ասուլիս հրավիրի հատուկ միջազգային լրատվամիջոցների համար. «Այն լեգիտիմությունը, որ իշխանությունները մտածում էին՝ ընտրություններից հետո ունեն, հիմա այլևս չունեն: Խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցում նիստերին, խորհրդարանի լեգիտիմությունը հարցականի տակ է դրված: Բայց դրան զուգահեռ՝ պետք է նաև հարցականի տակ տանել Նիկոլ Փաշինյանի միջազգային լեգիտիմությունը, այսինքն՝ միջազգային հանրությանը պետք է բացատրել, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում:

Պետք է ընդդիմությունը միջազգային լրատվամիջոցների համար մամուլի ասուլիս հրավիրի և բացատրի այս շարժման նպատակները, թե ինչի է ձգտում շարժումը, ով է կանգնած, ինչ նպատակ է հետապնդում: Այսօր անգլերենով մի հոդված կար՝ «Միլիոնատերերի հեղափոխություն Հայաստանում» վերնագրով. պարզ է, որ միջազգային հանրության մոտ փորձում են սխալ տպավորություն ստեղծել շարժման մասին: Դրա հակահարվածը պետք է լինի այն, որ միջազգային լրատվամիջոցների մասնակցությամբ ասուլիս հրավիրել և բացատրել, որ Նիկոլ Փաշինյանը չունի լեգիտիմություն, Փաշինյանի ստորագրած փաստաթուղթը որևէ արժեք չի կարող ներկայացնել և այդ լեգիտիմության հարցը Հայաստանից տանել դուրս»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս