Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամվելը) հաղթել է. դատարանը Երևանի քաղաքապետարանին պարտադրել է օրինականացնել նրա շինությունը
«Երբ ժամանակը կգա, Տիգրան Ավինյանին փոխքաղաքապետ նշանակելու որոշումը կհրապարակվի, բոլորը կիմանան դրա մասին»,- այսօր՝ հունիսի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Հարցին՝ Տիգրան Ավինյանի հետ կաշխատե՞ն, արձագանքել է. «Ընդհանուր թիմ է աշխատում: Ընդհանուր թիմի աշխատանքի հետ, իհարկե, պատրաստ եմ, որ թիմային աշխատանք պետք է լինի»:
Դիտարկմանը՝ երբ Երևանի վարչական շրջաններում ղեկավարների փոփոխություններ են լինում, արձանագրվում է, որ բոլորն Ավինյանի հետ ինչ-որ առնչություն ունեն, քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը պատասխանել է.
«Քաղաքական թիմի հետ են կայացվում այդ որոշումները, չեմ կարող բացառել, որ նրանք մտերիմ հարաբերությունների մեջ են Ավինյանի հետ, ես էլ եմ շատերի հետ մտերիմ հարաբերությունների մեջ, նախկինում նրանց հետ տարբեր հաստատություններում եմ աշխատել: Մեր երկիրը փոքր է, և կարծում եմ՝ բոլորը բոլորին ճանաչում են»:
Հրաչյա Սարգսյանն անդրադարձել է նաև հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ Սամվելի) կառուցած տունն օրինականացնելու խնդրին:
«Ցանկանալ-չցանկանալը չի. ճիշտն ասած՝ կա կառավարության որոշում, օրենսդրություն, և առաջնորդվում եմ օրենսդրությամբ, կառավարության որոշումներով և, եթե համապատասխանում է, անկախ անձից՝ օրինականացնում ենք, եթե չի համապատասխանում՝ ապա չենք օրինականացնում»,- պատասխանեց Հրաչյա Սարգսյանը:
Դիտարկմանը, թե Սամվել Ալեքսանյանը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին, քաղաքապետը պատասխանել է.
«Մի դեպք գիտեմ, որ քաղաքապետարանը դատը պարտվել է, դատարանը պարտադրել է, որպեսզի քաղաքապետարանը օրինականացնի: Դա համայնքային հողի վրա կառուցված շինություն էր, պատկանում էր Սամվել Ալեքսանյանին: Մենք բոլոր ատյաններով, դատարաններով անցել ենք և պարտվել ենք»:շ