Դուք վաղը ո՞նց եք երգելու «Տեսնեմ Արցախը, Սյունիքն ու Հայաստանը ու նոր մեռնեմ. Աշոտ Մինասյան

Քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը դիմեց մի շարք մասնագիտությունների տեր ՀՀ քաղաքացիներին՝ հարց ուղղելով, թե ինչու Ֆրանսիայի հրապարակում չեն՝ ժողովրդի կողքին:

Նա դիմեց «ժողովրդի ծոցից դուրս եկած» բոլոր սպորտսմեններին, ովքեր աշխարհի տարբեր հարթակներում՝ եվրոպաներում, տարբեր չեմպիոնատներում կերտել են հաղթանակ և իրենց ուսերի վրա տարել մեր պետության դրոշը՝ հաղթողի դրոշը:

«Ուզում եմ, որ վաղը ևեթ նրանք լինեն այս հարթակում՝ իրենց դրոշներով հանդերձ: Վաղը, եթե իրենք չեկան, ապա ո՞ւմ դրոշն են բարձրացնելու իրենց ուսերին՝ Ադրբեջանի՞, Թուրքիայի՞, թե՞ Թուրանի»,- ասաց Մինասյանը:

Ըստ նրա, որպես աշխարհի առաջին քրիստոնեական ազգ, որպես ջահակիր, այսօր Քրիստոսի արձան ենք տեղակայում ՀՀ-ում:

«Ես հարց եմ ուզում տալ՝ Դուք, հարգելի քանդակագործներ, խաչքարագործներ, քարագործներ, վաղը ո՞ւմ արձանն եք կառուցելու՝ Աթաթուրքի՞ արձանը, Էրդողանի՞ արձանը, թե՞ Ալիևի արձանը: Ինչո՞ւ Դուք այստեղ չեք, ինչո՞ւ Դուք Ձեր ժողովրդի կողքին չեք»,- նշեց նա:

Աշոտ Մինասյանն իր խոսքն ուղղեց գրականագետներին, լեզվաբաններին, պատմաբաններին, որոնք այսօր տարբեր կրթօջախներում դասավանդում են լեզու, գրականություն, պատմություն:

«Ի՞նչ պատմության և ի՞նչ լեզվի մասին է խոսքը, երբ վաղը Ձեզ պարտադրելու են թուրքերի լեզուն: Ավելի լավ է կամ լինել այստեղ, կամ պարապել թուրքերեն, որպեսզի վաղը Դուք դասավանդեք համապատասխան բուհերում»,- ասաց Մինասյանը, խոսք ուղղելով նաև նկարիչներին, երգիչներին, գրողներին, զինվորական ընկերներին, ոստիկաններին, հոգևորականներին, Սփյուռքի բարեկամներին:

«Դուք վաղը ո՞նց եք երգելու՝ «Տեսնեմ Արցախը, Սյունիքն ու Հայաստանը ու նոր մեռնե՞մ»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս