Մենք մեծ գործ ենք անում, մեծ գործը հապշտապություն չի սիրում. անպայման հաղթելու ենք. Յուրի Խաչատուրով

Ոչ մեկի մոտ որևէ վատատեսություն չպետք է լինի: Ֆրանսիայի հրապարակում հավաքվածներին է դիմել ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը՝ նշելով, որ ընդդիմության հանրահավաքի մասնակիցների շրջանում մի փոքր վատատեսություն է նկատել:

«Մենք մեծ գործ ենք անում, իսկ մեծ գործը շտապողականություն չի սիրում, այլ, որ հանգիստ ամեն օր, փոքր-փոքր քարը քարի վրա է դրվում: Եվ այդ ժամանակ կարող է ստեղծվել մի իրավիճակ, պահ, երբ ահա արդեն հաղթանակը տեղի է ունենում: Պարզապես պետք է զինվել համբերությամբ և սպասել»,- շեշտել է գեներալը:

Այս համատեքստում Յուրի Խաչատուրովը մեր պատմությունից մի օրինակ է բերել, երբ 1998-ին պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը հավաքում է ռազմական կոլեգիայի անդամներին, այդ ժամանակ Խաչատուրովը կորպուսի հրամանատար էր, կորպուսի միակ հրամանատարը, որը ռազմական կոլեգիայի անդամ էր:

«Մենք 6 հոգով էինք՝ պաշտպանության նախարարի հետ միասին: Նա մեզ մեկ հարց տվեց՝ դուք համաձա՞յն եք, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում: Ով համաձայն է՝ թող ձեռք բարձրացնի: 6 հոգուց ոչ ոք ձեռք չբարձրացրեց: Սրանից հետո նա երկրորդ հարցը տվեց՝ դուք համաձա՞յն եք, որ Արցախը լինի անկախ, ձեռք բարձրացրեք: Բոլորը բարձրացրեցին ձեռքերը: Այս ամենից հետո նա մեզ երկու խոսք ասաց՝ հիմա ես գիտեմ ինչ անել: Եվ 2 ժամից ՀՀ նախագահը հրաժարական տվեց: Այն ժամանակ ասում էին՝ իշխանության են գալիս մարդիկ, որոնք պատերազմ են ուզում, որոնք բերելու են շատ արյուն»,- պատմել է գեներալը՝ հավելելով, որ 1998-ից հետո քսան տարի հաղթանակներ են եղել, ապրել ենք հանգիստ և որպես հաղթողներ:

«Մենք հպարտանում էինք մեր բանակով, մեր պետությամբ: Պատերազմ չի եղել, բայց նրանք ասում էին, թե մենք պատերազմ ենք ուզում: Հիմա էլ են նրանք ասում են, որ մենք պատերազմ ենք ուզում: Մենք պատերազմ չենք ուզում, մենք ուզում ենք, որ մեզ հարգեն: Ես չեմ հասկանում այդ մարդկանց: Այդ նախարարներին և մնացածին պարզ հարց են տալիս՝ դուք համաձա՞յն եք, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, նրանք ասում են՝ գիտեք, մենք չենք կարող պատասխանել: Ես գիտեմ, որ դուք չեք կարող այնպես անել, որ Արցախը չլինի Ադրբեջանի կազմում, բայց գոնե ասեք, որ չեք ցանկանում՝ Արցախը լինի Ադրբեջանի կազմում: Չի կարելի այդպես պահել, դուք հայ չե՞ք»,- ասել է գեներալ Խաչատուրովը:

Մանրամասները՝ 168.am-ի հետ զրույցում

Տեսանյութեր

Լրահոս