«Հրաշք տեղի չի ունենա». Վարորդները՝ Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոց հատվածի երթևեկության փոփոխության մասին
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ հունիսի 1-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն է կատարվել Կոմիտասի պողոտա (շուկայի ուղղությունից)-Վաղարշյան փողոց (Դեպի Դավթաշեն) հատվածում:
Այսպիսով, նախկինում գործող երեք երթևեկելի գոտիներն այժմ արդեն չորսն են: Ընդ որում, Կոմիտասի պողոտայից իջնող և աջ շրջադարձով դեպի Դավթաշեն տանող 1-ին երթևեկելի գոտում միշտ վառվելու է լուսացույցի կանաչ ազդանշանը: Մյուս երեք գոտիները կանաչ ազդանշանի դեպքում ուղղորդում են դեպի Կասյան փողոց:
Քաղաքացիներից ոմանք սոցիալական ցանցերում իրենց դժգոհությունն են հայտնել, ոմանք էլ դրական կարծիք են հայտնել:
Շատերի կարծիքով՝ երթևեկությունն ահագին կթեթևանա, եթե աջ շրջադարձով դեպի Դավթաշեն տանող 1-ին երթևեկելի գոտում միշտ վառվելու է լուսացույցի կանաչ ազդանշանը:
«Եթե վերացնում եք Կոմիտասի վրայի հետիոտնային անցումը, դա մեղմ ասած հիմարություն է, առավել ևս, եթե հաշվի առնենք Վաղարշյանի այդ հատվածում դպրոցի ու սպորտ դպրոցի առկայությունը։ Փաստորեն լիքը քաղաքացիներ, այդ թվում լիքը աշակերտներ ստիպված են լինելու անցնել 3 փողոց՝ մեկի փոխարեն, թե՛ ժամանակ կորցնելով, թե՛ հատկապես երեխաների դեպքում, իրենց վտանգի ենթարկելով։ Խցանման լուծման իմիտացիան քաղաքացիների համար անհարմար է լինելու»,- նշել է քաղաքացի Արտակ Հարությունյանը:
Ֆեյսբուքյան օգտատերերից Ալեքսեյ Չալաբյանն էլ գրել է. «Լավ էլի, հիմա Կոմիտաս անցնողը պետք է 3 անգամ փողոց անցնի մեկի փոխարե՞ն: Արևին սպասի իր լույսին, հետո անձրևի՞ն»:
Վարորդների իրավունքների պաշտպան Արտակ Խաչատրյանի խոսքով՝ դեպի Դավիթաշեն գնացողների համար սա լավ է: «Այս փոփոխությունը նախկինում եղել է, հանել էին, հետո երկար ժամանակ վարորդները պահանջում էին, բայց լիքը խոչընդոտող հանգամանքներ կային: Այդ անկյունում բարձրահարկ բազմաբնակարան շենք են կառուցել։ Հիմա այդ շենքի բնակիչները հենց տանից դուրս գան՝ հայտնվելու են դեպի Դավիթաշեն տանող ուղղության կողմում: Չհաշված այդ շենքի բնակչությունը, մնացածը շատ լավ է:
Հրաշք տեղի չի ունենա։ Ուղղակի Դավիթաշեն գնացողների ընթացքը չի ընդհատվի, չնայած խիստ կասկածում եմ. կայանած մեքենաներն են խանգարելու»,- մեզ հետ զրույցում ասաց Արտակ Խաչատրյանը: